Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին
ИнтервьюԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.
France TV -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։
Ռուբեն Վարդանյան - Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։
France TV - Համաձա՞յն եք սա էթնիկ զտում անվանել։
Ռուբեն Վարդանյան - Սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում է Արցախն առանց հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է։
France TV -Պարոն Վարդանյան, Եվրոպան դիտորդական առաքելություն է ուղարկել։ Արդյո՞ք դա ինչ-որ բանի սկիզբն է, որ Դուք ակնկալում էիք միջազգային հանրությունից։
Ռուբեն Վարդանյան -Նրանք առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք։
France TV -Պարոն Վադանյան, այսօր այստեղ հավաքված լրագրողներից ոմանք այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Դուք ֆրանսիական լուրերի ալիքով եք խոսում, ի՞նչ կցանկանաք ասել Էմմանուել Մակրոնին այս երեկո։ Ի՞նչ կցանկանաք հարցնել նրան։
Ռուբեն Վարդանյան -Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է։
France TV - Եթե չեմ սխալվում, Դուք ծագմամբ Ռուսաստանից եք։ Ասում են՝ կապեր ունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Ու՞ր է Ռուսաստանը։ Ռուսաստանն էր խաղաղություն պահողը։ 2020թ․ համաձայնագրով Ռուսաստանը պետք է խաղաղություն ապահովեր։ Արդյո՞ք պարոն Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել, և արդյո՞ք դուք ինչ-որ բանի համար զղջում եք։
Ռուբեն Վարդանյան - Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից
է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։ Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։
Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա։
France TV -Դուք Վլադիմիր Պուտինի հետ խոսու՞մ եք։ Դուք Ռուսաստանի նախագահին հասանելիություն ունե՞ք։ Ի՞նչ է նա ասում այս իրավիճակի հետ կապված։
Ռուբեն Վարդանյան - Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ։
France TV -Շնորհակալություն հարցազրույցի համար: