«Բալիում ստացվում է հոգու, մտքի խաղաղ վիճակի հասնել մի բան, որն այլ տեղերում չեմ զգացել»․ Տաթևիկ Ադումյանը՝ Բալիում հանգստի մասին
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը մեկնել է Բալի հանգստի, որտեղից էլ Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ պատմելով իր տպավորությունների մասին։
«Շատ էի լսել Բալիի մասին, որ գեղեցիկ է, հանգիստ, իր տեսակի մեջ միակն է, որ բնակիչները շատ տարբերվում են, որ ազգերը և կրոններն այստեղ ներդաշնակ են, որ օվկիանոսի ուժն է այստեղ իշխում, որ աստվածների կղզին է, որ մարդն իսկապես կարողանում է գտնել հոգու բալանսը և շատ այլ պատմություններ։ Միգուցե դեռ չեմ հասկացել, թե ինչն է այս ամենի գաղտնիքը։ Ինչո՞ւ հենց այս կղզում, և ինչո՞ւ հենց այս ջունգլիներում։ Կղզի է, բազմերանգ ջունգլիներով պատված, անծայրածիր օվկիանոսով շրջապատված։ Օվկիանոս, որն անգամ փոթորկված ժամանակ անասելի վստահ է իր ամենակարող ուժի վրա։ Չեմ հիշում այցելածս որևէ այլ վայր, որտեղ այսքան հարգեն անհատին, լինեն բարի, հյուրընկալ, ոչ կոնֆլիկտային, ունենան հումոր և քթածակ, բայց ոչ` ավելորդ ամբիցիաներ։ Փորձել եմ պատկերացնել իրենց կոնֆլիկտը, վեճը, բայց խոստովանեմ` անգամ իմ հարուստ երևակայության պարագայում չեմ կարողացել։ Բնության հետ շատ ներդաշնակ են ապրում.։ Սիրում են ասել` եթե դու իրեն չանհանգստացնես, ինքն էլ քեզ չի դիպչի։ Միգուցե ճիշտ են։ Այսօր վայրի կենդանիների մասին էի կարդում, իմացա, որ բնության մեջ բազեի մի տեսակ կա, որը 300 կմ/ժամ արագությամբ է թռչում, բայց ազատ անկման ժամանակ միայն։ Հիմա մտածում եմ, երևի յուրաքանչյուր անհատ այդ ազատ թռիչքի ժամանակ միայն կարող է իր առավելագույն արագությանը հասնել։ Վերադառնալով այս անզուգական կղզուն և մտորումներիս։ Պատճառները դեռ չեմ գտել, բայց այստեղ ստացվում է հոգու, մտքի խաղաղ վիճակի հասնել մի բան, որն այլ տեղերում չեմ զգացել։ Շատ բաներ այլ աչքերով եմ կարողանում այստեղ տեսնել։ Զգալ, որ աղմկոտ և փոշոտ քաղաքում մեծացածներս միգուցե չունենք այս հնարավորությունը, որ մի այլ բնական միջավայրի դեպքում միգուցե ավելի ուժեղ լինեինք։ Չգիտեմ, դեռ մտածում եմ։ Մտքերը` մտքեր, բայց հոգին երևի մտքից ուժեղ է երբեմն։ Միտքը թափառում է, փնտրում է, իսկ հոգին այդ նույն ժամանակ ազատ ճախրում է։ Երևի մի անհասկանալի պատճառ կա, ինչու մարդիկ այլ կերպ են արտաբերում այս կղզու անվանումը։ Շատերը թերևս գիտեն, որ ես յուրահատուկ կապ եմ զգում բնության հետ, սիրում եմ այն առանց պայմանների և պատճառների։ Կյանքի այս փուլում ինձ երևի հենց այս ճամփորդությունը պետք էր` մի քանի կարևոր բան ավելի լավ հասկանալու և անմիջականորեն զգալու համար»,– գրել է դերասանուհին։