Ակվատլոն՝ ըմբշամարտ ջրի տակ և... ոչ միայն. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ակվատլոնը ըմբշամարտ է ջրի մեջ և ջրի տակ: Անվանումը առաջացել է երկու բառից՝ aqua - ջուր, athlon - պայքար: Այդ մարզաձևի հիմնադիրը համարվում է Իգոր Օստրովսկին։ 1980-ական թվականներին նա աշխատել է Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ Օստրովսկին, լինելով պրոֆեսիոնալ ջրասուզակ, որոշում է համատեղել մենամարտի տեխնիկան ստորջրյա լողի հետ։ Երիտասարդներին դուր է եկել այդ նորամուծությունը, և 1982 թվականի ապրիլին անցկացվել են առաջին մրցույթները։ 1984 թվականին Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանում բացվել է «Ակվատլոն» ակումբը։
Մեկ տարի անց կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել ԽՍՀՄ առաջնությունում: Բանն այն է, որ տեխնիկական պատճառներով չեն կարողացել թթվածնով լիցքավորել մասնակիցների ստորջրյա հանդերձանքը, կոմպրեսորն էր խափանվել։ Առաջարկվել է մրցույթն անցկացնել առանց ակվալանգների։ Հաջորդ առաջնությունում ևս որոշել են չօգտագործել ակվալանգները՝ որպես մարզիկների սարքավորումներ։ Արդյունքում ակվատլոնը դարձել է ավելի մատչելի, կանայք և երեխաներն են սկսել զբաղվել դրանով: 1993 թվականին Մոսկվայում անցկացվել են առաջին միջազգային մրցույթները, որին Ռուսաստանի հավաքականից բացի մասնակցել են Ուկրաինայի և Իսրայելի թիմերը։ Իսկ 1996 թվականին ակվատլոնը համաշխարհային ճանաչում է ստացել, ստեղծվել է Ակվատլոնի միջազգային ասոցիացիան։
2002 թվականին Շչեկինո քաղաքն ընդունել է Եվրոպայի առաջին առաջնությունը։ 2008 թվականին ակվատլոնը դարձել է ստորջրյա սպորտի պաշտոնական ձևերից մեկը։ 2009 թվականին Սանկտ Պետերբուրգում անցկացվել է աշխարհի առաջին առաջնությունը։ Հիմա ակվատլոնի երեք տարատեսակ կա՝ մարմնամարզական, սպորտային, մարտական: Մարմնամարզությունը ստորջրյա ակրոբատիկայի մրցույթ է։ Դրանք կարելի է իրականացնել նաև հատուկ սիմուլ յատորների վրա: Սպորտայինն ակվատլոնի ամենատարածված տեսակն է: Մրցում է երկու մարզիկ: Նպատակը հակառակորդի ժապավենը խլելն է, որն ամրացված է ոտքի վրա կոճի հատվածում։ Մարտական ակվատլոնը առավել հաճախ օգտագործվում է փրկարարների պատրաստման համար: Բացի այդ, դրանով զբաղվում են հատուկ ջոկատային լողորդները։ Այս դեպքում մարզիկները պետք է կարողանան օգտագործել դանակ, հատուկ տեխնիկա, որով կարող են հակառակորդին վնաս հասցնել:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում