Ո՞ւմ է իրականում պատկանում հեծանիվի գյուտը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ակտիվ սպորտի սիրահար մարդկանց համար հեծանիվն առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունի, այն լավ մարզում է ոտքերի մկանները և ազդում ամբողջ մարմնի ընդհանուր ֆիզիկական զարգացման վրա։ Շատ դարեր առաջ են մարդիկ սկսել մտածել տրանսպորտի այնպիսի ձևի մասին, որը կարելի է կառավարել՝ օգտագործելով սեփական մկանային ուժը, օրինակ՝ ոտքերը: Հեծանիվի, ավելի ճիշտ՝ նրա նախատիպի գյուտը տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբին։ Այն վերագրվում է գերմանացի գյուտարար Կարլ ֆոն Դրայսին, որը 1817 թվականին հորինել է երկանիվ սկուտերը։ Այն փայտից էր, և դրա վրա շարժումը դահուկավազք էր հիշեցնում։ Սակայն նաև կարծիք կա, որ առաջին հեծանիվը հորինել է ռուս ճորտ արհեստավոր Արտամոնովը 1800 թվականին։
Երկու անիվների վրա կառույց նախագծելով՝ նա սեփականատիրոջ թույլտվությամբ մեկնել է Ուրալ յան Վերխոտուրե գյուղից Մոսկվա՝ անցնելով գրեթե 2000 կիլոմետր ճանապարհ։ Նրա գյուտը մեկուկես մետր բարձրություն ուներ և 40 կգ քաշ։ Սակայն, ցավոք, այս թեմայի վերաբերյալ ո՛չ ստույգ տեղեկություն, ո՛չ էլ պաշտոնական այլ փաստեր չեն պահպանվել, հետևաբար այդ պատմությունը համարվում է լեգենդ։ Ինչևէ, հեծանիվը աստիճանաբար մտել է մարդկանց կյանք: Արդեն 1868 թվականին անցկացվել են հեծանվավազքի առաջին պաշտոնական մրցումները։ Փարիզում կայացել է հեծանվավազք՝ երկու կիլոմետր հեռավորությամբ։ Հաղթող է ճանաչվել անգլիացի Ջ. Մուրը։ Հաջորդ տարի նա նաև հաղթել է 120 կմ ճանապարհային մրցավազքում: Բանն այն է, որ հեծանվավազքի տարածությունները աստիճանաբար մեծանում էին, դառնում ավելի դժվար և պահանջում էին ավելի ու ավելի մեծ տոկունություն:
Հեծանիվի արդիականացումը հանգեցրել է նրան, որ 1885 թվականին շոտլանդացի Դենլոպը ստեղծել է առաջին օդաճնշական հեծանիվային անվադողերը։ Հեծանիվը սկսել է ավելի քիչ ցնցվել, դարձել ավելի մանևրող, վարելու համար հարմարավետ և, բնականաբար, գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, ընդ որում՝ ոչ միայն որպես փոխադրամիջոց, այլ նաև որպես սպորտային տարբերակ։ 1870 թվականից սկսած եվրոպական շատ երկրներում սկսել են կառուցել հատուկ հեծանվուղիներ։ Հարկ է նշել, որ հեծանիվների անվադողերի հայտնվելուն պես հեծանվավազքերը սկսել են անցկացվել ոչ միայն հատուկ վազքուղիների, այլ նաև սովորական ճանապարհների վրա: 19-րդ դարի վերջին նման մրցույթներ են անցկացվել Ֆրանսիայում և Ամերիկայում։ Իսկ 1893 թվականին Չիկագոյում անցկացվել է հեծանվավազքի առաջին համաշխարհային առաջնությունը։ Հեծանվավազքը, որպես սպորտաձև, ներառվել է 1896 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի ծրագրում։
Դրանից անմիջապես հետո՝ 1900 թվականին, ստեղծվել է Հեծանվավազքի միջազգային միությունը։ 1908 թվականից ի վեր Օլիմպիական խաղերի ծրագրում թույլատրվել են զույգերով մրցարշավները։ Կանայք իրավունք են ստացել մասնակցել հեծանվային սպորտին 1984 թվականի Օլիմպիական խաղերում։ Իսկ 1996 թվականին լեռնային հեծանվավազքի մրցույթն է մտցվել խաղերի մեջ այնպիսի երթուղիներով, որոնք նախատեսված են հատուկ այդ մարզաձևի համար: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ հեծանիվ վարելը հետաքրքիր, իսկ ամենագլխավորը՝ առողջ գործունեություն է։ Պարտադիր չէ հաղթել աշխարհի առաջնություններում կամ դառնալ օլիմպիական չեմպիոն, որպեսզի փորձես շոշափել նման հետաքրքիր և հարուստ պատմություն ունեցող մարզաձևը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում