Անձնական, կրոնական և այլ ծիսակատարությունների համար օգտագործվող մսամթերքը պետք է ունենա սպանդանոցային ծագում. նախագիծ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Անասնաբուժության մասին» օրենքում և լրացում` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ՝ այս օրենքով սահմանված դեպքերի: Միևնույն ժամանակ, շուկայում շարունակում է շրջանառվել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:
Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչությանն անվտանգ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքով և մթերքով ապահովելու, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտումներով ոչ սպանդանոցային ծագման մթերքի իրացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, այդ թվում՝ ոչ սպանդանոցային ծագման մթերք հայտնաբերելու դեպքում այն ոչնչացնելու գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը` հետագա շուկայահանումը բացառելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում