Կիբեռհանցագործությունը տարեկան 400 միլիարդ դոլարի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը
Կիբեռհանցագործությունն արդիականության առավել սուր հիմնախնդիրն է և համաշխարհային տնտեսությանը տարեկան հասցնում է 400 միլիարդ դոլարի չափով վնաս, օգոստոսի 19-ին հայտարարել է Բիշքեկում Եվրակազմակերպության կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ջոն ՄաքԳրեգորը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օգոստոսի 19-ին Ղրղզստանի Իսիկ Կուլ բարձրլեռնային լճի ափին ԵԱՀԿ-ի հովանու ներքո տեղի է ունենում «Հանցագործությունները կիբեռտարածությունում և հանցավոր եկամուտների լվացումը» միջազգային համաժողովը, որին մասնակցում են Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Բելառուսի ֆինանսական հետախուզությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը նաև մասնակցում են փորձագետներ Եվրամիությունից և ԱՄՆ-ից, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի երկրների ֆինանսական և բանկային կառույցների ներկայացուցիչներ:
«Այսօր կիբեռհանցագործությունը վիթխարի բացասական ներգործություն է ունենում աշխարհի երկրների տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Կիբեռհանցագործությունն աշխարհի տնտեսության վրա տարեկան նստում է ավելի քան 400 միլիարդ դոլար: Միայն վերջին տարում կիբեռհանցագործները գողացել են շուրջ 300 միլիոն մարդու անձնական տվյալներ: Հակազդումը կիբեռհանցագործությանը և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացմանը յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության և ֆինանսական համակարգի ամբողջականության անկապտելի բաղկացուցիչ մասն է»,- հայտարարել է ՄաքԳրեգորը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: