«Իր ներկայությունը զգում եմ, սպասում եմ իրեն, մտածում, որ մի օր գալու է». Ռաֆայելի ու Մարիաննայի ընտանիքը մեկ տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Ռաֆայելը ծնվել է 1993 թ.-ին Երևանում: Սովորել է Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2014 թ.-ին ծառայության է անցել Ջրականում, եղել է դասակի հրամանատար: Ռաֆայել Մխչյանը մասնակցել էր Ապրիլ յան պատերազմին: Կնոջ խոսքերով, այն ժամանակ զինվորների մեծ մասին կորցրել էր, երկու օր «հողերի» տակ եղել, հազիվ էր փրկվել, գիտեր, թե ինչ բան է պատերազմը: Այս պատերազմի ժամանակ էլ ասում էր՝ տղերքս մենակ են, չեմ կարող իրենց թողնել: Ռաֆայելի մասին պատմում է կինը՝ Մարիաննան: Նրանք ամուսնացել էին 2019 թ.ին, մեկ տարի միասին ապրել Ջաբրայիլում, կինը դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Նա Ռաֆայելին այսպես է նկարագրում. «Որպես մարդ՝ առաջին հերթին նվիրված ընկեր էր, բաց սիրտ, կամեցող, բարի, լավ հրամանատար իր զինվորների համար: Եթե սիրտն ուզեին, կհաներ ու կտար: Որպես ամուսին՝ նույնը, կրկնապատիկ ավելի լավը: Ինքն ինձ համար միայն ամուսին չի եղել՝ ընկեր է եղել, հայր: Երեք տարի շփվել ենք որպես ընկերներ, ես ուսանող էի Երևանում, իսկ նա ծառայում էր Ջրականում, այդպես էլ ծանոթացանք: Մեկ տարվա ամուսնացած էինք, երբ պատերազմը սկսվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիաննան:
Հետաքրքրվում եմ՝ ի սկզբանե իմացել է, որ Ռաֆայելը զինվորական է, գաղտնիք չէ, որ այդ մասնագիտությունը հեշտերից չէ, ունեցե՞լ է մտավախություններ. «Սկզբնական շրջանում կային մտավախություններ, կողքից էլ ասում էին, որ սպայի հետ կյանքը կապելը բարդ է, գիտեի բոլոր դժվարությունների մասին, գիտեի, թե ինչ կարող է պատահել, բայց երբեք չէի պատկերացնի, որ կարող է նման մասշտաբի պատերազմ սկսվել, և նման բան կպատահի: Մեկ ամսով արձակուրդ էինք եկել, երբ պատերազմը սկսվեց: Արձակուրդը կիսատ թողեց և ուղևորվեց Արցախ: Շատ դժվարությամբ եմ իրեն բաց թողել, չէի ուզում, որ գնա, բայց ինքն ամեն ինչ արեց, որ մեկնի ռազմադաշտ: Հոգուս խորքում զգում էի, որ սա այն պատերազմն է, որ հնարավոր է` էլ իրեն չտեսնեմ: Ներքուստ ինչ-որ տարօրինակ զգացում ունեի»:
Սեպտեմբերի 28-ին Ռաֆայելը հասնում է Ջրական: «Հոկտեմբերի 1-ի երեկոյան դիրքեր էր բարձրացել: Վերջին անգամ հոկտեմբերի 2-ի ցերեկն է զանգել, ձայներից, կրակոցներից հասկացա, որ դիրքեր է բարձրացել: Վստահ էի՝ եթե ամեն ինչ արեց, որ հասնի Ջրական, չէր կարող դիրքեր չբարձրանալ: Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն էլ դեպքը եղել է: Ընկել են շրջափակման մեջ: Իր 18 զինվորից միայն երկուսն են փրկվել: Առաջին հրադադարը եղավ հոկտեմբերի 29-ին, այդ ժամանակ դիերի փոխանակում են կատարել: Մարմինը մեզ փոխանցել են նոյեմբերի 18-ին՝ ԴՆԹ-ով հայրիկի հետ համապատասխանելուց հետո: Հուղարկավորությունը նոյեմբերի 23-ին էր՝ Եռաբլուրում»: Ամուսինները դեռ երեխա չունեին, հրաման էր եկել, որ Ռաֆայելը պետք է ծառայությունը շարունակեր Հայաստանում. «Որոշել էինք տեղափոխվել, նոր արդեն երեխա ունենալ, Ջաբրայիլում մի քիչ դժվար էր»: Ի ՞նչն է ուժ տալիս ապրելու:
«Անկեղծ ասած, իր ներկայությունը զգում եմ: Երբ չէի աշխատում, շաբաթը երկու անգամ գնում էի Եռաբլուր, այնտեղ զրուցում էի իր հետ, հանգստանում: Իր ներկայությունը զգում եմ: Ուրիշ որևէ բան ինձ չի օգնում: Մեկ էլ իմ ծնողները, որոնք իմ կողքին կանգնեցին: Աշխատում եմ, տանից դուրս գալիս, որ մտքերս ցրվեն, բայց ամեն պահի իր հետ եմ: Քանի որ իրեն չենք տեսել, սպասում եմ իրեն, մտածում եմ, որ մի օր գալու է»: Մարիաննան իր ապրումները թղթին է փոխանցել, «Սեր, որ պարտվեց պատերազմին» գիրքն ամռանն է լույս տեսել. «Պատմել եմ մեր սիրո մասին, անդրադարձել պատերազմի թեմային: Այդ ժամանակ հանգստանում էի գրելով, չէի աշխատում, չէի կարողանում տանից դուրս գալ, գրելն էր ինձ օգնում»: Ռաֆայելն ընտանիքի ավագ երեխան է, իրենից փոքր քույր ունի: Նրա ծնողները, քույրիկը ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում են բնակվում. «Ես Ջավախքից եմ, բայց Ռաֆայելից հետո չցանկացա վերադառնալ այնտեղ: Ցանկացա Եռաբլուրին մոտ լինել: Իմ ու Ռաֆայելի ծնողները միասին տուն գնեցին Երևանում, մնացի այստեղ: Ռաֆայելը շատ լավ ծնողներ ունի, շարունակում ենք շփվել, կապը պահում ենք»:
Հ. Գ. - Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի նռնականետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում