Բադմինտոն. այն սկզբից խաղում էին ձեռքերով, ոտքերով ու... բալի կորիզով. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Փետրագնդակը կամ բադմինտոնը սպորտաձև է, որտեղ երկու հակառակորդ (անհատական խաղեր) կամ երկու զույգ (զուգախաղեր) մրցում են միմյանց դեմ։ Նրանք խաղում են ուղղանկյուն դաշտում, որը բաժանված է ցանցով։ Խաղացողները միավորներ են հավաքում իրենց ձեռնաթիակով՝ ռակետով հարվածելով փետրագնդակին (վոլան) այնպես, որ այն ընկնի հակառակորդի կիսադաշտում։ Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հարվածելու փետրագնդակին միայն մեկ անգամ, մինչ այն կանցնի ցանցի մյուս կողմը։ Միավորի խաղարկումը ավարտվում է, երբ փետրագնդակը դիպչում է հատակին, կամ եթե դատավորի կողմից վրիպում է հայտարարվում։ Բադմինթոնը երկար պատմություն ունի։ Մ.թ.ա. 5-րդ դարում Չինաստանում տարածված էր «տի ցզյան ցզի» խաղը։ Խաղի նպատակն էր փետրագնդակը հնարավորինս երկար պահել օդում. այն խաղացել են ոտքերով, քանի որ այն ժամանակ ձեռնաթիակներ չեն եղել։
Նմանատիպ խաղեր եղել են նաև Ճապոնիայում և Հին Հունաստանում։ Ինչով ասես, որ չեն խփել փետրագնդակին՝ և՛ ձեռքերով, և՛ ոտքերով։ Օրինակ՝ Ճապոնիայում տարածված էր «օյբանե» խաղը։ Ռակետներ՝ ձեռնաթիակներ պատրաստել են փետուրից, իսկ փետրագնդակի փոխարեն օգտագործել են բալի կորիզներ։ Հենց Ճապոնիայի շնորհիվ է հայտնվել առաջին ռակետը 14-րդ դարում։ 17-րդ դարում Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում հայտնված բադմինտոնը դարձել է հասարակության վերին շերտերի խաղ։ Ժամանակակից բադմինտոնը ստեղծվել է 1800-ական թվականների կեսերին Հնդկաստանում՝ բրիտանացի ռազմական աշխատակիցների կողմից։ Որոշ լուսանկարներ ցույց են տալիս, որ անգլիացիները «բեթլդոր» անգլիական ավանդական խաղին ավելացրել են ցանց։ Մասնավորապես բրիտանական կայազորային քաղաք Պունայում տարածված լինելու համար այդ խաղը հայտնի է դարձել նաև Պունա անունով։
1875 թվականին Հնդկաստանից վերադարձած վետերանները անգլիական Ֆոլկեշտոնում ակումբ են հիմնել։ Մինչև 1887 թվականը Անգլիայում բադմինտոն խաղում էին այն նույն կանոններով, որոնք տարածված էին Հնդկաստանում։ Մի քանի անգամ փորձեր են ձեռնարկվել փոփոխել կանոնները։ 1893 թվականին Անգլիայի բադմինտոնի ասոցիացիան հրատարակել է խաղի կանոնների առաջին ժողովածուն, իսկ 1899 թվականին տեղի է ունեցել բադմինտոնի առաջին մրցաշարը՝ Անգլիայի բաց առաջնությունը։ Բադմինտոնի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1934 թվականին Կանադայի, Դանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի աջակցությամբ։ 1936 թվականին նրանց միացել է Հնդկաստանը։ Այսօր այդ կազմակերպությունն է կարգավորում միջազգային բադմինտոնը և զարգացնում այդ սպորտը ամբողջ աշխարհում։ Մրցակցային բադմինտոնում եվրոպական երկրներից ամենաուժեղը Դանիան է։ Այնուամենայնիվ, ասիական ազգերը ամբողջ աշխարհում միշտ էլ ուժեղ են եղել։ Չինաստանը, Ինդոնեզիան, Հյուսիսային Կորեան, Մալազիան և Դանիան այն երկրներն են, որոնք վերջին ժամանակներում տվել են համաշխարհային կարգի բադմինտոնիստներ, իսկ վերջին տարիներին տղամարդկանց և կանանց առաջնություններում դոմինանտում է Չինաստանը։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում