Արցախում ամենաբարձր վարկանիշն ունի պետնախարար Ռուբեն Վարդանյանը
АналитикаԱրցախում քաղաքական գործիչներից ամենաբարձր վարկանիշն ունի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Highgate Consultancy» ընկերությունը դեկտեմբերի վերջին և հունվարի վերջից մինչև փետրվարի սկիզբը երկու փուլով հարցումներ է անցկացրել Արցախում, պարզելու, թե ինչպես են արցախցիները պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և որ քաղաքական ու հասարակական գործիչներին են առավել վստահում։
Պատասխանելով արցախյան հակամարտության հնարավոր տարբերակների մասին՝ հարցվածների 58,8 տոկոսը-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, 20,9 տոկոսը՝ Ռուսաստանի հետ միացմանը և 18,6 տոկոսը՝ Հայաստանի հետ միացմանը։ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ստանալու տարբերակին որևէ մեկը կողմ չի արտահայտվել։
Առավել ուշագրավ պատկեր է ստացվում քաղաքական գործիչների վստահության վարկանիշային աղյուսակում։ Գործող պետնախարար Ռուբեն Վարդանյանը ստացել է արցախցիների 42,8 տոկոս վստահությունը, երկրորդ տեղում նախկին արտգործնախարար, «Պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն է՝ 36,4 տոկոս, իսկ երրորդում՝ Հայաստանի երրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 28,5 տոկոս քվեով։ Նախկին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և մյուս հասարակական և քաղաքական գործիչները անհամեմատ ցածր արդյունքներ են գրանցել։
Չափազանց կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը նոյեմբերից հետո, Ռուբեն Վարդանյանին հաջողվել է Արցախում լուրջ քաղաքական թիմ ձևավորել և հսկայական աշխատանք իրականացնել՝ այն էլ ճգնաժամային իրավիճակում։ Նոյեմբերի 26-ին պետնախարարի պաշտոնում նշանակվելուց օրեր անց Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, և արցախցիների կողմից վստահության այսպիսի մակարդակը պետնախարարի նկատմամբ վկայում է, որ Արցախում հրաշալի են հասկանում թե ով ով է և ով որքանով է աշխատում հանուն Արցախի Հանրապետության։
Տիգրան Ավագյան