Ինչ է պայքարն՝ ըստ Ռուբեն Վարդանյանի
Аналитика«Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»։ Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այդ մասին երեկ ասել է Արցախում ընդլայնված խորհրդակցության ժամանակ՝ պետական մարմինների ղեկավար կազմի շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։
Ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ պետնախարարը նշել է, թե հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։
Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, թե այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է: «Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև։ Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են,- ընդգծել է պետնախարարը։
Մինչդեռ, Ռուբեն Վարդանյանն այսօր ստիպված է պայքարել ոչ միայն արցախահայության շահերն առաջ տանելու, շրջափակման պայմաններում 120 հազար մարդու կենսական կարիքները հոգալու ուղղությամբ, այլ նաև Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների դավադրության դեմ։
Գաղտնիք չէ այլևս, որ սահմանադրական փոփոխությունները Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է հենց Ռուբեն Վարդանյանից ազատվելու համար, ինքն էլ ցանկանում է թողնել պատասխանատվությունը և փախչել Արցախից, իսկ Ազգային ժողովը հնարավորություն կունենա ինքը նախագահ ընտրելու։
Ըստ էության, սա նշանակում է, որ Արցախի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի ճնշմամբ, համաձայնվել են Ադրբեջանի հիմնական պահանջներին և փորձում են շարժվել հենց այդ ուղղությամբ։
Արայիկ Հարությունյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում Արցախի խորհրդարանի խմբակցությունների հետ, ներկայացնում ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև անհրաժեշտաբար շեշտում սահմանադրական փոփոխությունների անցկացման կարևորությունը։ Թեև սահմանադրական փոփոխությունների կարևորությոան մասին ճամարտակելուց առաջ շատ ավելի ճիշտ կլիներ նշել դրա իրական պատճառը, այլապես, եթե հստակ սահմանադրական ճգնաժամից ելքեր գտնելու ուղիներ փնտրեին, ոչ թե միայն մեկ ՝ Հարությունյանի համար կենսական հոդվածի փոփոխություն կիրականացնեին, այլ բազմաթիվ այլ կարևոր նախաձեռնություններ կներկայացվեին։
Վազգեն Մուրադյան