Իրականում կա՞, արդյոք, 100 տարվա հնեցման կոնյակ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Գաղտնիք չէ, որ կոնյակի կամ գինու համի և, համապատասխանաբար, գնի վրա ազդում է հնեցումը: 3 տարի, 5 տարի, 7 տարի, 15 տարի... պիտակների վրա նման մակագրությունները շատ բան են ասում։ Այնուամենայնիվ, նույնիսկ քսանհինգ տարվա հնեցման կոնյակը դարավոր խմիչքների համեմատ պարզապես «երիտասարդ» է թվում։ Ժամանակ առ ժամանակ տարբեր նշանավոր «կոնյակի տներ» սահմանափակ քանակությամբ արտադրում են այնպիսի ըմպելիք, որի պիտակի վրա երևում է տպավորիչ «100» թիվը։ Այն գրավում է մարդու հոգին միայն այն մտքից, որ նրանք, ովքեր խաղող են հավաքել նման կոնյակների համար, վաղուց արդեն այն աշխարհում են, և միայն նրանց թոռներն ու ծոռները կարող են ճաշակել իրենց նախնիների աշխատանքի պտուղները։
Սակայն դարավոր կոնյակների դեպքում կա մի պահ. բոլոր այդ ֆրանսիական «կոնյակի տները» խորամանկում են: Բայց ամեն ինչ հերթով: Բոլորին է հայտնի, որ կոնյակը հնեցվում է կաղնե տակառներում։ Այս ընթացքում տեղի են ունենում բարդ քիմիական պրոցեսներ, կոնյակի սպիրտն ազնվացվում է և ստանում համի ու բույրի ավելի բարդ ու հարուստ ծաղկեփունջ։ Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ դարավոր կոնյակը պետք է ունենա ակնառու համային հատկություններ։ Հնեցումից հետո խաղողի սպիրտը ֆիլտրում են, անհրաժեշտության դեպքում նոսրացնում մինչև սահմանված 40 աստիճան և շշալցում իրականացնում։ Արդյունքում էլ ստացվում է ըմպելիքի պիտակի վրա բաղձալի 100 թիվը։ Եվ հենց այստեղ է, որ նման կոնյակների բոլոր արտադրողները մի փոքր խորամանկում են: Քչերը գիտեն, որ կոնյակի սպիրտը 70-80 տարուց ավելի չի ապրում, ավելի ճիշտ՝ դրանից ավելի չի հնանում։
Բանն այն է, որ հնեցման ընթացքում սպիրտը կորցնում է իր ուժը և 80 տարեկանում դրա թնդությունն արդեն սահմանված 40 աստիճանից էլ պակաս է լինում։ Իհարկե, 80 տարին նույնպես շատ պատկառելի տարիք է, բայց տակառներում կոնյակը երբեք անգամ նման ժամկետի հնեցման չի հասցվում։ Արտադրողները պարզապես ստիպված են ընդհատել հնեցումը 60-70 տարեկանում։ Այսպիսով, կա հիանալի հնեցված կոնյակ՝ անհրաժեշտ թնդությամբ, բայց այն հեռու է նվիրական 100 տարվա հնեցումից։ Եվ հետո՝ արտադրողները գնում են հնարքի: Կոնյակի սպիրտը լցնում են հատուկ ապակյա տարաների մեջ, որոնք կոչվում են բոնբոներ։ Մինչև 40 լիտր տարողությամբ այդ ապակե շշերը փաթաթված են լինում ծղոտի մեջ՝ լույսի ազդեցությանը չենթարկվելու համար: Հենց այդ շշերի մեջ էլ պահվում է այդ եզակի ալկոհոլը հաջորդ 30-40 տարվա ընթացքում, քանի որ այն չի գոլորշանում ապակե տարաներում։
Կա ևս մեկ տարբերակ, երբ 100 տարեկան սպիրտը նոսրացվում է ավելի երիտասարդ թունդ սպիրտով՝ անհրաժեշտ թնդություն ստանալու համար։ Այդ որոշումը հակասական է, բայց տաղանդավոր կուպաժավորողները ունակ են այդ կերպ իսկական գլուխգործոցներ ստեղծել: Բայց արտադրողին այդ դեպքում կարգելվի պիտակի վրա գրել, որ կոնյակը 100 տարեկան է։ Չնայած արտադրողների կողմից նման խորամանկությունների դիմելուն, պիտակի վրա «100 տարվա հնեցում» ունեցող կոնյակը համտեսելով՝ պետք է ընկալել այն, որ այդ պահին համտեսվում է ամենահնարավոր առավելագույն հնեցման էլիտար ըմպելիք։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում