«Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն». «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
realtribune.ru–ն «Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին արցախահայերը կարող են տուժել «տեխնիկական միջոցներից»» վերնագրով հոդվածում գրում է, որ Արցախի իշխանությունները համաձայն են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին հսկողության տեխնիկական միջոցների տեղադրմանը: «Եթե նման տեխնիկական միջոցները հեշտացնում են ռուս խաղաղապահների աշխատանքը, ապա դա կարող ենք քննարկել երկկողմ ձևաչափով, այսինքն՝ արցախյան կողմը՝ ռուս խաղաղապահների հետ։
Բայց ադրբեջանական կողմը, թեկուզ անուղղակիորեն, չպետք է մուտք ունենա այդ հսկողության ընթացակարգին, չպետք է կարողանա տեղեկություն ստանալ տեխնիկական հսկողության միջոցներից»,- ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։ Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Իր հերթին, realtribune.ru լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը դեմ է ցանկացած «տեխնիկական միջոցի» տեղադրմանը. «Արցախի իշխանությունները առանց մի շարք հիմնարար մանրամասներ ճշտելու չպետք է համաձայնեն «տեխնիկական միջոցների» տեղադրմանը։
Նախ՝ ի՞նչ իմաստ ունի շարժվել անօրեն բռնապետի քմահաճույքով, որն ամեն զիջումից հետո միայն ավելացնում է իր ճնշումը։ Երկրորդ՝ արժե պարզել, թե դրանք ի՞նչ «տեխնիկական միջոցներ» են և արդյո՞ք սպառնում են արցախցիների կյանքին ու առողջությանը։ Բանն այն է, որ տարբեր տեսակի «սկաներներ», որոնք նախկինում կիրառվել են հետխորհրդային տարածքում, կարող են ճառագայթներ արձակել և արդյունքում քաղցկեղ առաջացնել մարդկանց մոտ։ Դա վստահորեն եմ ասում, քանի որ շատ պատմություններ եմ լսել։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն: Ավելին, ճշմարտությունն արցախցիների կողմն է։ «Տեխնիկական միջոցներ» տեղադրելուց առաջ, որը խախտում է նախկին պայմանավորվածությունները, մի ծուլացեք պատվիրել միջազգային փորձագետների անկախ փորձաքննություն, թե արդյո՞ք այդ «միջոցները» վտանգում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկող մարդկանց կյանքը և առողջությունը։
Եթե կա նման վտանգ, ապա վճռականորեն մերժեք ցանկացած «տեխնիկական միջոցի» տեղադրումը, հրապարակեք ուսումնասիրության արդյունքները և ամբողջ աշխարհին ցույց տվեք Բաքվի ֆաշիզմի ստոր դեմքը։ Երրորդ՝ Հայաստանի Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին ոչ ոք իրավունք չունի տարբեր տեսակի «տեխնիկական միջոցներ» տեղադրել։ Այդ ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով և «միջանցք» չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գաղութարարները։ Դադարեք օգտագործել խորհրդային ժամանակաշրջանի գաղութային տերմինները՝ «Լաչինի միջանցք» կամ «Բերձորի միջանցք»։ Նրանք, ովքեր կամա թե ակամա նման տերմինաբանություն են օգտագործում, օգնում են թշնամուն»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում