Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ արցախցիները կանգուն են մնալու և շարունակելու են իրենց պայքարը
АналитикаԱրցախում, չնայած բոլոր դժվարություններին, կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են, պահպանում ոգին և արժանապատվությունը, զգացողությունը, որ չեն հանձնվել ու չեն հանձնվելու։ Կողքի դպրոցից լսվում է երեխաների ձայնը։ Այս արձանագրումն արել է «Ապագա հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով օրերս տեսակապով է կարողացել մասնակցել իր իսկ հիմնադրած նախաձեռնության համահայկական համաժողովին։
Ըստ Վարդանյանի՝ արցախցիները շատ դիմացկուն մարդիկ են, 90-ականներին, երբ արցախյան առաջին պատերազմն էր ու արցախցիները կրկին չունեին ո՛չ լույս, ո՛չ գազ ու ավելի վատ վիճակում էին, երեխաներն էլի դպրոց էին գալիս, նստում վերարկուներով և սովորում այդ ցրտին։
Եվ այսօր արցախցիների պահանջը, որ դպրոցները չպետք է փակվեն ու, չնայած ծանր պայմաններին, դասերը պետք է շարունակվեն, շատ կարևոր դաս է բոլորի համար։ Նախօրեին Ադրբեջանը կրկին խափանել է դեպի Արցախ գազամատակարարումը, և այսօրվանից արդեն Արցախում լուրջ խնդիրներ են առաջացել, սակայն նախկին պետնախարարը վստահ է, որ արցախցիները կանգուն են մնալու և շարունակելու են իրենց պայքարը, իսկ ինքն էլ մնալու է Արցախում և կատարելու է իր խոստումը։
Հարցին, թե ինչպե՞ս է կարողանալու Արցախի համար արդյունավետ քայլեր իրականացնել, եթե հեռացվել է պետնախարարի պաշտոնից, Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության մասին, նշել, որ այդ կառույցը իր ծրագրերը սկսել էր Արցախում ավելի վաղ, քան իր տեղափոխվելը, և այժմ էլ գործակալությունը զարգացման և անվտանգության շուրջ ծրագրեր է մշակել։
«Խնդիրների այն քանակը, որ կանգնած է մեր առջև տարբեր ոլորտներում չի կարող լուծվել միայն պետության կողմից»,- փաստում է նախկին պետնախարարը՝ հավելելով, որ ամբողջ հասարակությունը պետք է մասնակցի պայքարին և ամեն մեկը պետք է իր լուման դնի այդ գործում։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ամենավերջին և թարմ նախաձեռնությունը Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ կնքված հուշագիրն է։
Գործակալությունը Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց տրամադրելու է մոտ 80 տոննա սննդամթերք, բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար, իսկ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 180 տոննա սննդամթերք՝ Արցախի պետական պահոցներում ներառելու նպատակով։
Մարինե Մարալչյան