«Առաջնային նպատակը հասարակությանն ամբողջական քաոսի մեջ մտցնելն է. բացասական հետևանքները դեռ տարիներ շարունակ զգալու ենք»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում առկա իրավիճակը նկարագրելու համար նոր տերմիններ են հարկավոր: Այս կարծիքին է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Սովորաբար ընդունված է տարբեր երկրներում առկա համակարգերը նկարագրել ժողովրդավար, ավտորիտար կամ տոտալիտար տերմիններով, բայց մեր երկրում «դեմոկրատական ավտորիտարիզմ» է: Կա ոչ թե իշխանություն, այլ մի խումբ, որն աշխարհաքաղաքական ամենապղտոր կենտրոնների քիմքին հաճո ծրագրեր ունի: Միջազգային հանրություն կոչված այդ կենտրոնները փակում են իրենց աչքերը ու չեն տեսնում դատական իշխանության անկախությանը սպառնացող քայլերը, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում առկա ոտնահարումները: Այսօր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում ամենաուժեղ ազդեցությունն ունեցող գլոբալիստական կենտրոնները իրենց շատ տարօրինակ և կենտրոնաձիգ աշխարհաքաղաքական շահերն են առաջնային համարում»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքով, նշված կենտրոններն այդ շահերը վեր են դասում այնպիսի արժեքներից, ինչպիսիք են մարդու իրավունքները, իրավական պետության կարևորությունը, որի սիրտն անկախ դատական իշխանությունն է: «Իշխանության եկած այս խումբն օգտվում է վերոնշյալ կենտրոնների ամենաթողությունից ու կառուցում է այնպիսի համակարգ, որը կարելի է որպես «դեմոկրատական ավտորիտարիզմ» որակել: Կա ոչ թե մեկ անձ, այլ կա գաղափարախոսություն, որը պարտադրում է մեզ այդ խմբի վերնախավը: Մեզ մոտ, օրինակ՝ ոչ միայն կոնկրետ դատավորներ են, այսպես ասած, զոհ դառնում այդ քաղաքականությանը, այլ ամբողջ հասարակությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ խորհրդային ժամանակաշրջանի այն իներցիան, թե դատական իշխանությունը սպասարկում է իշխող վերնախավին, միշտ է եղել. «Բայց նոր սերունդը՝ ի դեմս դատավորների, դատապաշտպանների, նաև քննիչների, կարողացել էին այնպես անել, որ թեպետ համեստ, բայց այս դաշտում մենք նվաճումներ ունենանք: Մինչդեռ վերջին 5 տարում, փաստորեն, զրկվում ենք անգամ շատ համեստ նվաճումներից, որը հասարակությունն ուներ նաև նոր սերնդի իրավաբանների, քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ: Մենք այսօր գործ ունենք ավտորիտարիզմի հետ, այսպես կոչված, դեմոկրատական քողարկումների ներքո, ինչը իր հետքն է թողնելու նաև երկարաժամկետ առումով: Անգամ եթե այլ իշխանություն գա, միևնույնն է, այսպիսի գործընթացները շատ ծանր են անդրադառնալու մեր երկրի վրա. բացասական հետևանքները դեռ տարիներ շարունակ զգալու ենք»:
Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս փուլում քրեական վարույթներ են նախաձեռնվում այն մարդկանց դեմ, ովքեր այս իշխանության թիմից են: «Իրականում սա շատ խորամանկ, այսպես ասած, ժողովրդավարության նմանակում է: Մեծ խումբ մարդիկ այսօր չեն վստահում այս խմբի կողմից կոռուպցիայի դեմ պայքարին, արդարության համար պայքարին: Բոլորը տեսնում են մի բան, որը կոչվում է ընտրովի մոտեցում: Իրավական հիմքերից բացարձակապես հեռու գործընթացներ կան: Որևէ մեկին մոլորության մեջ չի կարող գցել այն փաստը, որ հետապնդումներ կամ գործեր են հարուցվում իրենց թիմի հետ եկած մարդկանց նկատմամբ: Սա իսկապես նմանակում է, ուզում են ցույց տալ, թե իբր իրենց համար բոլորը նույնն են, և բոլորը հավասար են օրենքի առջև: Իրականում այսօր բոլորը հավասար են կամայականության առջև»,-շեշտեց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքով, իշխանության այս խումբը պատահական չի գործում: «Առաջնային նպատակը հասարակությանն ամբողջական քաոսի մեջ մտցնելն է, որ որևէ նոր ուժի չհավատա: Արդեն հինգ տարի է անցել 2018-ից, ժողովուրդը եկավ այն եզրահանգմանը, որ բոլոր խոստումները խաբեություն էին: Նպատակը անվստահությունը կատարելության հասցնելն է, որ ոչ ոքի այլևս չհավատան: Սա ակներև նպատակն է: Մյուս արձանագրումն էլ այն է, որ, մեծ հաշվով, այսպիսի պղտոր ջրերի մեջ, փաստորեն, ամրապնդվում է այս խմբի՝ ամբողջովին ավտորիտար իշխանությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում