Դոլարի նշանի առաջացման բազմաթիվ վարկածները. ո՞րն է ճիշտ․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Դոլարի նշանի առաջացումը մնում է առեղծված։ Դրա առաջացման յուրաքանչյուր վարկած որոշակիորեն կարող է ճշմարիտ լինել: Ենթադրվում է, որ դոլարի հիմքը դրվել է իսպանական պեսոյով, որը սկսվում է հենց P տառով, իսկ S տառի ավելացումը նշանակում է պեսոներ: 16-19-րդ դարերում պեսոն լայն տարածում ուներ Նոր աշխարհում, և, ըստ այդ վարկածի, 18-րդ դարի վերջին պեսսոյի "ps" հապավման էվոլ յուցիայի արդյունքում է հայտնվել դոլարի նշանը։ Բանն այն է, որ առևտրականները հաճախ «S»-ը դնում էին «P»-ի վրա, և, ի հետևանս, հայտնվել է դոլարի նշանը՝ $:
Բացի դա, ենթադրվում է, որ դոլարի վրա ուղղահայաց գծերը հայտնվել են այն պատճառով, որ ժամանակին իսպանական պեսոն երկու սյուների պատկեր է ունեցել, որոնք անձնավորել են Հերակլեսյան սյուները։ Այդ Հերակլեսյան կամ Ջիբրալթարյան սյուները իսպանական արծաթե դոլարի վրա եղել են 2 ուղղահայաց գծերի տեսքով և տեղադրվել են «S»-ի վրա։ Կան նաև դոլարի նշանի առաջացման այլ վարկածներ: Ամենահայտնին այն է, որ իռլանդացի պլանտատոր և Նոր Օռլեանի վաճառական Օլիվեր Փոլակը 1778 թվականին իր շահույթի չափը հաշվարկելիս դոլարի փոխարեն գրել է P և S տառերին նման նշաններ։ Այդ ձևով նա այն ուղարկել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ռոբերտ Մորիսին, որն էլ առաջին անգամ օգտագործել է դոլարի նշանը պաշտոնական թղթերում:
Ամերիկայում շրջանառվում է դոլարի նշանի առաջացման ևս երկու վարկած՝ «հայրենասիրական» և «արծաթի»։ Հայրենասիրական վարկածն ասում է, որ դոլարը առաջացել է USA հապավումից, որտեղ U և S տառերը դրվել են միմյանց վրա, ընդ որում U-ից մնացել են միայն երկու ուղղահայաց գծերը։ Բայց Ռանդիի «Ատլանտը թոթովեց ուսերը» ստեղծագործությունից ծագած այս վարկածը հաշվի չի առնում այն փաստը, որ այդ նշանն օգտագործվել է նախքան Միացյալ Նահանգների կազմավորումը։ Արծաթի վարկածով S-ը նշանակում էր արծաթ, իսկ U-ն դրվել է որպես քաշի միավոր, հետո U-ից մնացել են միայն ուղղահայաց գծերը։ Հետաքրքիր են նաև դոլարի նշանի առաջացման եվրոպական վարկածները:
Գերմանական վարկածի համաձայն, դոլարի նշանի առաջացմանը նպաստել է ավստրիական թալերի դիզայնի փոփոխությունը, որտեղ մետաղադրամի մի կողմում խաչված Հիսուսի պատկերն էր, իսկ մյուս կողմում՝ օձը, որը փաթաթված է խաչի վրա: Հետագայում հենց փաթաթված օձն էլ վերածվել է S նշանի։ Այս տեսության երկրպագուները վստահ են, որ դա էլ հենց նպաստել է դոլարի նշանի առաջացմանը։ Բրիտանական վարկածը ենթադրում է, որ ամեն ինչի հիմքը դրվել է շիլինգային S նշանով, որը երբեմն մեջտեղում ամրացվել է ուղղահայաց գծով։ 19-րդ դարում շիլինգները հաճախ են կեղծվել հյուսիսամերիկացիների կողմից, իսկ բրիտանական իշխանությունը դրա դեմ կատաղի պայքար էր մղում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում