Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին
АналитикаԱրցախի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է հուսահատությունն ու ապատիան թոթափելը, նպատակի ու գաղափարախոսության սահմանումը, դրանց շուրջ համախմբումն ու ամենօրյա պայքարը հանուն ազատ, անկախ և հայկական Արցախի, որտեղ հայության հետագա սերունդները կարող են արժանապատիվ կյանք ունենալ:
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է Ստեփանակերտում արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման իրավիճակում մարտահրավերների դիմակայման, Արցախի ապագայի, այն հայկական պահելու և հանուն այդ նպատակի պայքարելու կարևորության մասին:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած և զոհողությունների գնով հաջողությունների հասած ժողովուրդն ունի այդ ներուժը. «Այն ժամանակ կար ոգևորություն, այն ժամանակ ղեկավարները նաև առաջնորդներ էին, որոնք չվախեցան և իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Նրանք առաջին հերթին երիտասարդներն էին։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի և որոշում կայացնի: «Սեպտեմբերի 2-ին ես եկել եմ այստեղ որպես զինվոր, որովհետև համարում եմ, որ այստեղ մենք ունենք նույնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեինք մոտ 100 տարի առաջ՝ Սարդարապատում: Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի և թույլ չտալու Արցախի կորուստը: Եվ ինձ համար արդեն կարևոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Բայց ես վստահ եմ, որ միայնակ չեմ, որ շատ են այն մարդիկ, որոնք ինձ նման են մտածում: Երբ այդ որոշումը կայացնում ես, այն մեծ ուժ է տալիս: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, և այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նախկին պետնախարարը:
Նա նշել է, որ ընտրել է պայքարի ուղին, ինչն անձամբ իր համար նշանակում է ամեն օր գործով, կապերով, հնարավորություններով, կարողություններով պայքարել Արցախի անկախության, մարդկանց միասնականության համար: «Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները ևս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Մենք պետք է պատրաստ լինենք ձերբազատվել միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ: Դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մեզ մոտ ընդունված էր կարծել, թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Այդ սխալ միֆերը խանգարում են»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Աննա Նադոյան