Ռուբեն Վարդանյանը փաստում է՝ երբ հայրենիքը վտանգի մեջ է, չես կարող երջանիկ լինել
Аналитика«Ոչ մի պայմանագիր չի աշխատում, եթե դու ուժեղ չես».- Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է Ֆրանսիայում հեռարձակվող հայկական RADIO AYP FM հետ հարցազրույցում։
Նախկին պետնախարարն արձանագրում է, որ կարևոր հարցերից մեկն է՝ ինչքան ես քո վրա պատասխանատվություն ոչ միայն քո, քո ընտանիքի հետ կապված հարցերում, այլև հայրենիքի հետ կապված հարցերում։
Ըստ Վարդանյանի, երբ հայրենիքը վտանգի մեջ է, կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առջև, կարող ենք կորցնել Արցախը, Հայաստանը, որպես պետություն, ապրել ինչ-որ չքնաղ տեղում, վայելել սքանչելի կյանքը, չես կարող երջանիկ լինել։ «Ես չեմ կարող երջանիկ լինել։ Դրա համար հասկանալով իրավիճակը, թե որքան մենք ծանր իրավիճակում ենք գտնվում, ես հասկացա, որ ինչ-որ պահ է գալիս, քեզ Աստված որքան շատ է տալիս, այնքան քեզ ավելի մեծ պատասխանատվություն է դրվում քո ուսերին։ Որ դա ոչ միայն օգտվելու համար է, այլ պիտի հետ տաս քո ժողովրդին, հայրենիքին, աշխարհին։ Ի վերջո խոսում ենք ոչ թե միայն առանձին հայերի մասին, ողջ աշխարհն է այս իրավիճակում, եւ ամեն բան կապ կապված է»,- արձանագրել է Ռուբեն Վարդանյանը։
Խաղաղության համաձայնագրի մասին խոսելով՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, թե Ֆրանսիայում ապրող մարդիկ շատ լավ գիտեն՝ ոչ մի պայմանագիր չի աշխատում, եթե դու ուժեղ չես։ Հիշեցրեց Մյունխենի պայմանագիրը՝ Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի միջեւ, իսկ հաջորդ տարի սկսվեց երկրորդ համաշխարհայինը։
«Պետք է մի բան հասկանանք, որ ոչ մի թուղթ չի աշխատելու, եթե դու ուժեղ չես, պատրաստ չես պաշտպանելու քո հողերը։ Այդ կողմից միակ տարբերակը, որ ունենք, հասկանալ, որ այս իրավիճակը փոխելու համար մեր հզորանալն է, կրկին ուժեղ լինենք և մեր մեջ, և դրսում, մեր հարևանն էլ հասկանա, որ չի կարողանա իր դրած պահանջներին հասնի՝ ուղղակի մեզ ստիպելով»։
Նորայր Փարսադանյան