«Էդգարը լույս էր, հիմա էլ լույս է, լուսավոր: Նա մեզ վերևից ուժ է տալիս». Էդգար Մամիկոնյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին Վարանդայում․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Էդգարը ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Սովորել է Ա. Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում, 9-ամյա կրթությունն ավարտելով՝ ընդունվել է Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց: Դպրոցին զուգահեռ սովորել է Արմավիրի «Արվեստի դպրոցի» դաշնամուրի բաժնում, հաճախել է «Թումո» կենտրոն: Էդգարի մասին զրուցել ենք նրա մորաքրոջ՝ Ռուզաննայի հետ:
«Էդգարի մանկությունն անցել է ջերմ ընտանիքում, շրջապատված հարազատ մարդկանցով: Նա ընտանիքի երեք երեխաներից միջնեկն է՝ ավագ քույր և կրտսեր եղբայր ունի: Էդգարը կարծես հրաշամանուկ լիներ: Ամեն օր նոր հետաքրքրություն էինք բացահայտում նրա մեջ: Սիրում էր բակում երկար խաղալ: Սիրելի խաղալիքը տանկն էր: Ցանկացած նոր խաղալիք պիտի բացեր, որ տեսներ՝ ինչ կա մեջը, ինչից է պատրաստված: Որպես երեխա՝ աշխույժ էր, ակտիվ, շատերի համար տարբերվող: Դեռ մանկուց ուներ շատ նախասիրություններ, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մասնագիտությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուզաննան:
Մորաքրոջ խոսքով, դպրոցում շատ լավ է սովորել: «Խելացի էր, օրինակելի վարք ուներ: Դպրոցում նրան շատ էին սիրում: Առանձնահատուկ սիրով էին սիրում ուսուցիչները: Չկար մի ուսուցիչ, որ, Էդգարին դիմելով, չասեր՝ «իմ համեստ տղա»: Արդեն բարձր դասարաններում նա ընկերության մեջ, ինչպես իր ամենամոտ ընկերն էր նրան դիմում, դարձավ«Դեդո»: Այդ մականունը նրան կնքել էին իր ծանրակշիռ ու խելացի լինելու, մեծի պես ընկերներին խորհուրդներ տալու համար: Դպրոցի հետ համատեղ հաճախում էր «Արվեստի դպրոց»: Սիրում էր դաշնամուր նվագել: Ես իմ դաշնամուրը նվիրեցի իրեն և սրտանց ցանկացա, որ մեծ հաջողությունների հասնի: Էդգարին յուրահատուկ սիրով էին սիրում մորաքույրները, քեռին, հորեղբայրները, տատիկներն ու պապիկները:
Սիրված էր բոլորի կողմից: Դպրոցի հետ զուգահեռ հաճախեց «Թումո» կենտրոն: Այնտեղ ունեցավ մեծ հաջողություններ: Որպես գերազանց սովորող՝ ցանկություն հայտնեցին, որ Էդգարը մնա և աշխատի «Թումոյում»: Նա երազում էր ծրագրավորող դառնալ և լավ մասնագետ այդ ոլորտում: 2020 թվականի հունվարի 9-ին Արմավիրի տարածքային զինկոմիսարիատից Էդգարը զորակոչվել է զինվորական ծառայության, սկզբում վեց ամիս ծառայել է Արմավիր քաղաքում տեղակայված զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում տեղակայված զորամաս: Ծառայել է տանկային գումարտակում, տանկիստ-նշանառու էր:
«Երբ խոսում էինք ծառայության մեկնելու մասին, երբեք չէր տրտնջում: Ծառայությունը սկզբում անցավ Արմավիր քաղաքի զորամասում, հետո տեղափոխվեց Արցախ՝ Ֆիզուլիի զորամաս: Այնտեղ դեռ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: 2 օր լուր չունեցանք իրենից: Անտանելի էր: Սեպտեմբերի 29-ին ստացանք առաջին զանգը: Անպատմելի էր մեր ուրախությունը, կարծես վերածնունդ լիներ: Դրանից հետո կապ կար, սակայն զրույցները կարճ ու կոնկրետ էին: Հոկտեմբերի 9-ին գրոհի ժամանակ Էդգարը մարտական սխրանքներ էր գործել: Վնասազերծել էր թշնամու երկու տանկ և այլ զրահատեխնիկա: Հոկտեմբերի 12-ին եղավ նրա վերջին զանգը: Նա շատ երկար զրուցեց հարազատների հետ՝ կարծես առնելով բոլորի կարոտը: Հոկտեմբերի 13-ից էլ լուր չունեցանք Էդգարից»,-նշում է զրուցակիցս:
Էդգարը մասնակցել է Հադրութի շրջանի և Վարանդա քաղաքի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 11-ին ընթացող մարտերի ժամանակ թշնամին ակտիվ հրետակոծում է զորամասի տարածքը, և թեժ կռիվներ են սկսվում զորամասի մատույցներում։ Մարտական անչափ բարդ իրավիճակում Էդգարը կարողանում է խոցել թշնամու 1 տանկ: «Էդգարը զոհվել է՝ իր երիտասարդ կյանքը չխնայելով հանուն հայրենիքի: Մարտական ընկերները անդադար պատմում էին նրա սխրանքների, մարդկային տեսակի և լավ ընկեր լինելու մասին: Էդգարը լույս էր ու հիմա էլ լույս է, լուսավոր: Նա մեզ վերևից ուժ է տալիս: Էլ ավելի ուժեղանում ու հպարտանում ենք՝ հիշելով նրա ամեն մի սխրանքը, ամեն մի ապրած լավ օրը: Իր կարճ կյանքի ընթացքում անմահի, քաջի, անձնազոհի անուն թողեց: Թող լույս իջնի շիրիմիդ, իմ լուսավոր բալա, իմ Էդգար»,-ահա այսպես էլ եզրափակում ենք զրույցը:
Հ. Գ. - Շարքային Էդգար Մամիկոնյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 13-ին Վարանդա քաղաքի պաշտպանության ժամանակ հակառակորդի հրետակոծության հետևանքով: Էդգարի մարմինը գտնվել է զոհվելուց 3 ամիս անց: Հուղարկավորված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում