«Զրոյացնում ու «ջրում» են իրավական պետության կայացման ճանապարհին ունեցած ձեռքբերումները»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
ՄԻՊ-ը մեր երկրում հազվագյուտ կայացած ինստիտուտներից էր: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկումն է, որի խոսքով, նշվածը ոչ թե պարզապես անձնական կարծիք, ներքին համոզմունք, այլ Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի գնահատականն է, որի առաջարկով ՀՀ-ն այդ կառույցի անդամ է դարձել: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքն օրինակ է լինելու՝ հաշվի առնելով նրա պաշտոնավարման ժամանակ ինստիտուտի հանդեպ ունեցած հարգանքը միջազգային մակարդակով: Անդրադառնալով ՄԻՊ-ի պաշտոնում իշխանության թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրությանը, որը մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր, նախկին ՄԻՊ-ը մի քանի հանգամանքի մասին է մատնանշել:
«Նախքան այդ ընտրությանն անցնելը, ես ուզում եմ հիշեցնել, որ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ընտրությունը տեղի էր ունեցել սահմանադրական սկզբունքի խախտմամբ: Խախտվել է այն կետը, ըստ որի, ՄԻՊ պաշտոնում պետք է լինի անձ, որին, ինչպես և իր իրավապաշտպան գործունեությանը քաջ ծանոթ է հասարակությունը: Սա լիրիկական զեղում չէ, ինչպես շատերն են կարծում: Սա այն պահանջն է, որն ապահովում է ՄԻՊ-ի աշխատանքը՝ իշխանություններից անկախ: Եթե Քրիստիննե Գրիգորյանի ընտրության դեպքում կարելի էր համարել, որ սա վրիպում է իշխանությունների կողմից, ապա երկրորդ ընտրությունից հասկանում ենք, որ փորձում են հասարակությանը սովորեցնել այն մտքին, որ ՄԻՊ-ը պետական կառույցներից մեկն է ընդամենը: Ես ափսոսում ու դատապարտում եմ այսպիսի կեցվածքը, գործելաոճը ՄԻՊ հաստատության ու ՄԻՊ պաշտոնի նկատմամբ»,-նշեց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքով, արդեն կա այն համոզմունքը, որ իշխանություններն ընտրում են ու նշանակում են նրանց, ովքեր ամբողջովին կախյալ կլինեն իշխանություններից, մասնավորապես գործադիր իշխանությունից: «Եթե հիշենք, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանացել դատական իշխանության տարբեր ճյուղեր, կառույցներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, արդեն որևէ մեկի մոտ տարակուսանք չի առաջացնում այն, որ ՄԻՊ ինստիտուտը ևս կցորդ դարձրեցին: Կառավարման համակարգի կարևորագույն թևերում անխտիր նման իրավիճակ է: Ես հիշեցնեմ նաև Հանրային խորհրդի մասին, որը սահմանադրական մարմին է, և որը տապալվեց, ու այսօր որևէ մեկը չի հարցնում՝ ո՞ւր է այդ սահմանադրական մարմինը: Մեծ հաշվով, մենք տեսնում ենք, որ ամբողջովին «ջրում» ու զրոյացնում են այն համեստ նվաճումները, որոնք ունեցել է Հայաստանն իրավական պետության կայացման ճանապարհին: Այս քայլերով մեր երկիրը շատ ավելի հետամնաց են դարձնում, իսկ այն, ինչ ունենք այսօր, 180 աստիճանով շեղված է այն ճանապարհից, որն իրավական պետության կայացում է կոչվում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Խոսելով այն իրավիճակից, ըստ որի, իշխանության մի շարք ներկայացուցիչներ կարող են հնչեցված սպառնալիքների, հակահասարակական վարքագծի համար անպատիժ մնալ, բայց, զուգահեռ, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ այլ մոտեցում է ցուցաբերվում՝ ի դեմս անձեռնմխելիությունից զրկելու հերթական գործընթացի, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նկարագրվածը վաղուց արդեն երկակի ստանդարտների կիրառում չէ:
«Սա արհամարհանք է բոլոր ստանդարտների ու նորմերի նկատմամբ: Այն, ինչ կատարվում է այսօր, ինձ հիշեցնում է ՀՀՇ-ի ժամանակ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը: Ժողովուրդը պայքարել է այդ ամոթալի կարգախոսի դեմ, և, ահա, մենք նորից շատ ավելի վատ իրավիճակում ենք: Իշխանություններն իրենց գործողություններով այդ տեսանկյունից շատ ավելի ցածր անկում են ապրում: Բացի նրանից, որ իրենք արհամարհում են նորմերը, նաև հակադրվում են քաղաքակիրթ երկրներին ներհատուկ ստանդարտներին: Ավելին՝ այս ամենն արվում է ցուցադրական, ինչը և թույլ է տալիս հիշել «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը: Այս պայմաններում միայն հասարակության ակտիվ խմբերի գործունեությունը, իշխանության հանդեպ շարունակական վերահսկողությունը կարող է մեզ հանել այս խայտառակ վիճակից»:
Ալավերդյանի խոսքով, իշխանության ներկա քայլերը, ընդհանուր առմամբ, ոչ թե հակաիրավական, այլ հակասահմանադրական են: «Առհասարակ, երբ անգամ մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն է խախտում սահմանադրական իրավունքը, օրենքները, կորցնում է լեգիտիմությունը: Իսկ այս իշխանություններն արդեն իսկ կորցրել են իրենց լեգիտիմությունը»,-եզրափակեց Լ. Ալավերդյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում