Ինչպե՞ս են հին ժամանակներում ստացել թանաք․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Թանաքը գրելու համար գործածվող ներկանյութերի ջրային լուծույթ է։ Այն հայտնի է նաև մելան անունով։ Հին եգիպտացիներն են առաջին անգամ թանաքի բաղադրատոմս ստեղծել: Քանի որ նրանք գրել են պապիրուսի վրա, սկսել են օգտագործել յուղի և մրի խառնուրդ: Չինաստանում ևս հենց նույն կազմն է գործածվել: Հենց դրանից էլ սկսվել է թանաքի պատմությունը: Հռոմեացիները և հույները նույնիսկ օգտագործել են մի քանի տեսակի թանաք: Կարմիր «պալատական թանաքի» պատրաստման համար օգտագործվել են դարչին և մանուշականերկ: Սև թանաք պատրաստելու համար օգտագործվել են գեղանկարչական սև ներկեր, խաղողի որթ, մուր, փայտածուխ, մրգերի սերմեր:
Ավելի ուշ թանաք պատրաստելու համար եփել են դաբաղիչ ծառերի կեղևները: Երկաթից պատրաստվող թանաքի պատմությունը, որը այժմ ևս օգտագործվում է, սկսվել է 16-րդ դարից: Այն պատրաստել են հետևյալ կերպ. ընկույզի կամ կաղնու կեղևից, ձարխոտի արմատներից, «թանաքի ընկույզներից» (բույսերի տերևների վրա ձևավորվող պաթոլոգիական աճեր) պատրաստել են եփուկ` «թանաքի թանձրուկ»: Այնուհետև դրա մեջ երկաթի կտորներ են ընկղմել, ապա՝ մաստակ (բալի սոսինձ), որը թանաքին տալիս է ամրություն, իսկ մածուցիկությունը նվազեցնելու համար ավելացվել են մեխակ, կոճապղպեղ և ալ յուր: Քիմիկոս Շեելեն կարողացել է գուշակել այդ թանաքի ստացման գաղտնիքը 1876 թվականին:
Նա հայտնաբերել է, որ թանաքը եփելու ժամանակ ձարխոտի արմատի տանիաթթուները արմատից անցնում են ջրի մեջ, և հետագայում երկաթը ռեակցիայի մեջ է մտնում նրանց հետ՝ առաջացնելով գունավոր աղեր: Ստացվում է թույլ գունավոր լուծույթ, բայց չորացնելուց հետո, երբ երկաթը օքսիդացվում է, այն ավելի է մգանում: Թանաքի մեջ առաջացած երկաթի օքսիդը չլուծվող է և դիմացկուն լույսի ճառագայթների նկատմամբ: Ժամանակի ընթացքում թանաքի պատմությունը տեղում չի դոփել: Աստիճանաբար հայտնաբերվել և ստեղծվել են թանաքի բազմաթիվ տեսակներ, որոնց թվում կան նաև, այսպես կոչված, «հավերժական» և անգամ անտեսանելի թանաքներ: Հին Հայաստանում ևս թանաք է արտադրվել:
Էրեբունիի պեղումների ժամանակ շենքերի պատերին հայտնաբերված կանաչ, կապույտ, վարդագույն, ծիրանագույն և մուգ բալի գույնի որմնանկարները վկայում են, որ մ.թ.ա. 8-րդ դարում Հայաստանում թանաքը կիրառվել է որմնանկարչության մեջ։ 13-18րդ դարերում հայկական ձեռագրերում պահպանվել են թանաք պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր, ըստ որոնց, թանաք ստանալու համար կիրառվել են բուսական (խունկ, գարի, տորոն, գխտոր, կտավատի ձեթ, նռան կեղև և այլն), կենդանական (լեղի, կաթ, ձու, որդան կարմիր և այլն), ինչպես նաև հանքային ծագման (արջասպներ, պաղլեղներ, կիր, պողպատի խարտուք, լեղակ և այլն) նյութեր։ Սև թանաք հիմնականում ստացվել է գխտորից, կարմիրը՝ որդան կարմիրից, տորոնից, քրքումից կամ դրանց խառնուրդներից, կապույտը՝ լեղակից։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում