Ուսումնամարզական կենտրոնի ստեղծումը կապահովի երկու թիրախային խմբի մարզումների հետագա շարունակականությունը. նախագիծ․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ԿԳՄՍ-ն ներկայացրել է նախագիծ, որի համաձայն ստեղծվում է «Երևան» պետական ՓԲԸ-ն, դրա անհրաժեշտությունը հիմնված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքների դրույթների հենքի վրա: Նշվում է, որ ընկերության հիմնումը հրատապ է և անհրաժեշտ, քանի որ այն հնարավորություն է տալիս մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, ինչպես նաև իրականացնել «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» և «Ադապտիվ սպորտի կենտրոն» ՊՈԱԿ-ների կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։
Նախարարությունն ընդգծում է` համաձայն «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքի՝ մանկապատանեկան մարզադպրոցներում կարող են մարզվել միայն մինչև 18 տարեկան պատանիներն ու աղջիկները, բաց է մնում ՀՀ հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և սահմանափակ կարողություններով անձանց հետագա մարզումների կազմակերպման խնդիրները։ Այժմ ՀՀ-ում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ Գյումրի քաղաքում, որն իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, դա նշանակում է, որ հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և սահմանափակ կարողություններով անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։ Մյուս կողմից` 2010 թ.-ին ՀՀ-ն վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն մինչև հիմա հաշմանդամություն ունեցող անձանց համար ՀՀ-ում ադապտիվ սպորտի պետական կառույց չի գործում։
Հաշվի առնելով նաև պատերազմը, որի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվն ավելացել է, խիստ հրատապ է և կարևոր ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը։ Ըստ իրականացված վերլուծությունների՝ յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող 120 մարզիկ հնարավորություն կունենա մարզվել ընկերությունում: Ընկերության հիմնումը ենթադրում է ուսումնամարզական կենտրոնի ստեղծում, որը կապահովի 2 թիրախային խմբի մարզումների հետագա շարունակականությունը: Այսպիսով` ընկերության գործառույթների շրջանակներում կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր մարզաձևերի 18 տարեկանից բարձր տարիքի հավաքականների թեկնածուների մարզումները։
«Երևան» պետական ՓԲԸ-ի հիմնմամբ հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով իր իսկ նշանակությամբ, անցկացնել սպորտային միջոցառումներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ձեռք բերել նորը և ներդրումներ կատարել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում