«Ապրելու երկիր» կուսակցությունը սպասում է կառավարության քայլերին ողջամիտ ժամկետում
Аналитика«Ապրելու երկիր» կուսակցությունը սպասում է կառավարության քայլերին ողջամիտ ժամկետում, օրենքով նախատեսված պարտավորությունների բացակայության, կառավարության անգործության դեպքում դիմելու են դատարան և հետամուտ են լինելու, որ արդարություն հաստատվի, տեղի ունենա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։
Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը փաստում է, որ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված իշխանություն։ «Այս ճանապարհին վստահ եմ, մեր կողքին կլինի նաև երևանցին, որովհետև գիտեմ մեծամասնության համար այլևս անհանդուրժելի են իշխանության զարտուղի ճանապարհով աթոռն ամեն գնով պահելու մոլուցքը, քաղաքացիների իրավունքների ու ընտրության կամարտահայտության վրա թքած ունենալու պահվածքը»,- ասել է Մանե Թանդիլյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում։
Թանդիլյանը վստահ է, որ «Ապրելու երկրին» կհաջողվի «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկել Երևանում, ինչպես դա արել են Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթևում։ Նշելով, թե Կառավարությունը չի ցանկանում Երևանի արտահերթ ընտրություններ և ամեն ինչ անելու է իրենց ցանկացած սցենարը կյանքի կոչելու համար:
Մանե Թանդիլյանը փաստում է, թե այս պահանջն առաջ քաշելու նպատակը իշխանություններին ի շրջանս յուր վերադարձնելն է, օրենքի դաշտում պահելը։ Վաղուց այլևս փաստ է, որ փաշինյանական իշխանությունը օրենքից սարսռում է, ինչպես «քուրդը խոզի մսից», ուստի և առնավազն պետք է օրենքի խստագույնս պահպանման մղել գործող իշխանություններին, իսկ մնացածն արդեն տեխնիկայի և ընտրողի կամարտահայտության հարցն է, միայն այդ դեպքում հնարավոր կլինի իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին», և կասեցնել երկրի սրընթաց գահավիժումը։
Մանե Թանդիլյանն ընդգծում է, որ իրենք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին բացառապես հաղթելու նպատակով։ Քաղաքական դաշտում մնացած ընդդիմադիր ուժերի հնարավորությունները հաշվի առնելով, կարելի է վստահաբար նշել, որ հենց «Ապրելու երկիրն» է միակ և ամենաուժեղ մրցակիցը գործող իշխանությունների համար, ուստի բնավ զարմանալի չէ, որ հենց «Ապրելու երկիրն» է դարձել գործող իշխանությունների սպասարկուների և քարոզչական շրջանակների թիվ մեկ թիրախը։
Նունե Մանուկյան