Ուղղաթիռային սպորտ. որտե՞ղ և ե՞րբ է այն ձևավորվել․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ուղղաթիռային սպորտը ավիացիոն սպորտի ամենադժվար տեսակն է, այն պարունակում է ոչ պարզ վարժությունների մի քանի խումբ։ Այդ մարզաձևն առաջացել է ԽՍՀՄ-ում 1950 թվականին։ Մարդիկ, ովքեր մասնագիտորեն են զբաղվում ուղղաթիռային սպորտով, որն ինչ-որ չափով զորավարժություններ է հիշեցնում, պետք է ունենան որոշակի հմտություններ, ուղղաթիռը կառավարելու ունակություն, ուշադրություն, մտածելու, փոխօգնության կարողություն, քարտեզների լավ իմացություն, սառը հաշվարկ, ճշգրտություն, գերազանց տեսողություն: Հիմնական նպատակն է կատարելագործել թռիչքային հմտությունները և դրանով իսկ ձևավորել արժեքավոր փորձ և գիտելիքներ, որոնք օգնում են լավ կատարել հանձնարարված խնդիրները։ Նշենք, որ ուղղաթիռային սպորտն ու ռազմական ավիացիան սերտորեն փոխկապակցված են։
1958 թվականին Կալուգայում են անցկացվել ուղղաթիռային սպորտի առաջին համամիութենական մրցույթները, որոնք համընկել են Կոմերիտմիության տարեդարձի հետ: Ներգրավված են եղել հետևյալ կառույցները՝ ռազմաօդային ուժերը, ԴՕՍԱՖ-ը, նախարարների խորհրդի ավիացիոն տեխնոլոգիաների կոմիտեն. ընդհանուր առմամբ եղել է 14 թիմ։ Մրցույթին թույլատրվել է մասնակցել Մի-1 ուղղաթիռին տիրապետող և մոտ 100 թռիչքային ժամ ունեցողներին։ Արդյունքում առաջնությունը հաղթել է Air Force-1 թիմը, որի կազմում ընդգրկված են եղել օդաչուներ Վոլգայի ռազմական շրջանից։ Նրանք էլ դարձել են ուղղաթիռային սպորտում Խորհրդային Միության առաջին չեմպիոնները։ Անհատական մրցապայքարում չեմպիոն է դարձել Ֆեդոր Բելուշկինը՝ Չկալովի կենտրոնական ավիաակումբի թիմից։ Ուղղաթիռային սպորտի մրցութային ծրագիրը ներառում է 5 վարժություն.
-Տեխնիկական հսկողության հիմնական կետերի կատարումը և ճշգրիտ թռիչքը շրջանագծի մեջ:
-Ուղղահայաց թռիչք և վայրէջք 30×30 հարթակի վրա՝ սահմանափակված 10 մետր բարձրությամբ:
-Թռիչք ցածր բարձրության վրա՝ ուղղաթիռի ուղղահայաց առանցքի շուրջ 360 աստիճանի շրջադարձով և կողային շարժումներ կատարելով:
-10 մետր բարձրության վրա սավառնում և չորս մետր տրամագծով հարթակից ուղևորի վերցնել:
-Վարելու ճշգրտության ստուգում 150 կիլոմետր հեռավորության վրա և նշանակված ժամին նպատակակետին հասնել:
Ուղղաթիռային սպորտը լայն տարածում է գտել 1959 թվականին, երբ այն ներառվել է Միասնական համամիութենական դասակարգման մեջ։ Այդ տարի էլ ընդունվել են առաջադրանքների կատարման չափանիշներն ու պահանջները: Հետագայում մրցույթն սկսել է անցկացվել ամեն տարի։ 1966 թվականից առաջնությունները դարձել են կանոնավոր: Դրանց մասնակցում էին մարզիկներ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից։ 1973 թվականից երկրի առաջնություններին սկսել են մասնակցել ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ ԽՍՀՄ վերջին առաջնությունն անցկացվել է Վիտեբսկում 1991 թվականին։
Աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է Գերմանիայում 1971 թվականին։ Իսկ 1973 թվականին Անգլիայում անցկացվել է աշխարհի երկրորդ գավաթի խաղարկությունը: Վարջին՝ 16-րդ անգամ այս մարզաձևի աշխարհի առաջնությունն անցկացվել է Բելառուսում 2018 թվականին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում