Ջրային «ֆուտբոլ». ինչպես տակառներով խաղից այն դարձավ օլիմպիական սպորտաձև․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ջրագնդակը սպորտային թիմային խաղ է ջրում, որի իմաստը հատկացված ժամանակում ձեռքերով հնարավորինս շատ գնդակ նետելն է հակառակորդի դարպասը։ Ջրային «ֆուտբոլ». ինչպես տակառներով խաղից այն դարձավ օլիմպիական սպորտաձև Մարդիկ հին ժամանակներից են սիրել ջրային տարբեր զվարճանքներ և խաղեր ջրի վրա: Լողալու և ջրի մակերեսին իրեն լավ պահելու կարողությունը կարևոր հմտություն է եղել մարդու կյանքում: Հենց դրանք էլ, զուգորդված տոկունության, ճարպկության, ճշգրտության և ուժի հետ, դարձել են ջրագնդակ խաղալու հիմնական տարրերը: Ջրագնդակի՝ որպես սպորտաձևի առաջացումը կապված է երկու լեգենդի հետ:
Դրանցից առաջինն ասում է, որ հին Ճապոնիայում բնակիչները խաղում էին մի խաղ, որտեղ խաղացողները փայտե տակառներով շարժվում էին ջրի մեջ և երկար ձողերի օգնությամբ գնդակ փոխանցում միմյանց։ Մեկ այլ լեգենդի համաձայն, ջրագնդակի ծննդավայրը Անգլիան է։ Դրա պատճառ կարող էր լինել անգլիացի արիստոկրատների սերը ձիերի և ձիավարության նկատմամբ։ Այն ժամանակ Բրիտանիայում տարածված էր պոլո խաղը, որի ժամանակ ձիավարները հարթ դաշտում մականների օգնությամբ գնդակը միմյանց էին փոխանցում այն մրցակցի դարպասը խփելու նպատակով։ Մի օր էլ ձանձրացած անգլիացի նավաստիներն են որոշել պոլո խաղալ:
Բայց քանի որ մոտակայքում դաշտեր և ձիեր չեն եղել, նրանք նստել են փայտե տակառների մեջ և սկսել գնդակը խաղարկել ջրի մակերեսով։ Որն է ավելի հավանական, դժվար է ասել, սակայն փաստ է, որ գոնե պաշտոնապես ժամանակակից ջրագնդակի տարածումը սկսվել է Անգլիայում։ Դա կապված է անգլիացի Ուիլ յամ Ուիլսոնի անվան հետ, որը 1869 թվականին առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացրել «ջրային ֆուտբոլ» անվանված խաղը։ Այն ժամանակ չեն եղել խաղի հստակ կանոններ: Ուժային պայքարը և մրցակցին ջրի տակ պահելը, ինչպես նաև գնդակին դիպչելու ցանկացած ձևը խախտումներ չեն եղել: Դարպասի համար հարմարեցվել են ջրամբարի հատակին խրված երկար ձողեր։ Խաղերն անցկացվում էին հանգիստ հոսքով գետերի կամ լճերի վրա։ Միայն 1876 թվականին է Ուիլ յամ Ուիլսոնը հանդես եկել խաղի այնպիսի կանոններով, որոնք անփոփոխ են մնացել հաջորդ 14 տարիների ընթացքում։
1885 թվականին ջրագնդակը ճանաչվել է որպես սպորտաձև, իսկ 3 տարի անց Անգլիայում անցկացվել է ջրագնդակի առաջին առաջնությունը։ 2 տարի անց Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև տեղի է ունեցել այդ խաղի ցուցադրական հանդիպում: Խաղը սիրվել է հանդիսատեսի կողմից: Սկսվել է ջրագնդակի բուռն զարգացումն ու տարածումը ամբողջ աշխարհում։ 1900 թվականին ջրագնդակը դարձել է առաջին թիմային խաղը, որն ընդգրկվել է Օլիմպիական խաղերում։ 1926 թվականից անցկացվում են Եվրոպայի, իսկ 1973 թվականից՝ աշխարհի առաջնություններ տղամարդկանց թիմերի միջև։ Աշխարհի առաջին առաջնությունը կանանց թիմերի միջև կայացել է 1986 թվականին: 2000 թվականից օլիմպիադայի ծրագրում ընդգրկվել են ջրագնդակի կանանց մրցումները: Ջրագնդակը հիմա էլ շատ տարածված է տաք կլիմայով երկրներում։ Այդ մարզաձևը դարձել է ջրային սպորտաձևերի ցանկացած աշխարհի առաջնության «բալը տորթի վրա»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում