Արցախի անվտանգության և զարգացման ճակատ պետք է ստեղծել. Ռուբեն Վարդանյան
АналитикаԱրցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է այդ մասին գրել ֆեյսբուքյան իր էջում:
«Այստեղ՝ Արցախում, բոլորիս միավորում է այս գաղափարը և այն անսասան նպատակ է։ Ուրիշ նպատակ չկա՝ կա կամք, ոգի և սկզբունքներ։ Առանց գաղափարի անհնար է։ Անհնար է, եթե ճիշտ գաղափարի շուրջ չհամախմբվեն հայրենասեր ու վճռական մարդիկ։ Ոգևորիչ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հարթակը զարգացնում է այն մարդկանց գաղափարները, ովքեր պատրաստ են միասին աշխատել, և համաձայնության գալ։ Այս պարագայում ես համախմբող և համակարգող եմ եղել։ Ես չեմ հանդիպել մեկին, ով չի ընկալում պահի լրջությունը։ Բայց գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մտածված քայլեր ու գործողություններ»,- նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով, նախորդ երկու ամիսներին քաղաքական, հասարակական մի շարք ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը և մշակվել ճանապարհային քարտեզներ։ Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Անվտանգության խորհրդին և բավարար հիմք է գործողությունների ծրագիր դարձնելու համար։
«Կատարված աշխատանքի արդյունքում, մեծամասնությամբ եկել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։ Մենք ձգտում ենք այս նպատակին հասնել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ամեն ինչ մի կողմ թողնելու, մոռանալու բոլոր հակասությունները, տարաձայնությունները և առաջ շարժվելու՝ ձևավորելով իրական գործողությունների միասնական մոտեցում։ Իրավիճակն այնպիսինն է, որ մենք կա՛մ համախմբվում ենք և, պարտադրելով մեր կամքը, անում ենք հնարավորը իրադարձությունների ընթացքը փոխելու համար, կա՛մ տրվում ենք պառակտող, ապակողմնորոշող ու մեզ անզոր դարձնող հետևողականորեն տարածվող նարատիվներին ու սադրանքներին։ Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, ուստի անձնական նկրտումները, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում»,- նկատել է Վարդանյանը։
Արամ Մելիքյան