Հումուս՝ ինքնուրույն խորտի՞կ, սոո՞ւս, ճաշալրա՞ց, թե՞ աղանդեր. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Հումուսը սիսեռի պյուրեով կերակուր կամ, ինչպես հաճախ ընդունված է համարել, աղանդեր է, որի բաղադրատոմսի մեջ սովորաբար մտնում է նաև քունջութի մածուկ, ձիթայուղ, սխտոր, լիմոնի հյութ և պղպեղ։ Արաբերենում և եբրայերենում «հումուս» բառը նշանակում է ինչպես ոչխարի սիսեռ (Cicer arietinum), այնպես էլ՝ ուղղակի խորտիկ: Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում, իսկ հիմա նաև լայն համբավ է ձեռք բերել ամբողջ աշխարհում: Այն օգտագործվում է թե՛ որպես անկախ ճաշատեսակ, թե՛ որպես սոուս, ճաշալրաց (գարնիր) այլ ուտեստների համար և աղանդեր: Այս կերակրին իրենց բաղադրիչներով նման են մասահաբան, մեշաշուշան և այլ ուտեստներ: Հումուսի նման ուտեստի մասին առաջին հիշատակությունները հայտնվել են 13-րդ դարի արաբական խոհարարական գրքերում:
Այդ սննդատեսակը առավել տարածված է եղել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սկզբնական բաղադրատոմսերում օգտագործել են սիսեռ, քացախ, թթու կիտրոն, խոտաբույսեր և այլ համեմունքներ: Հումուսը մատուցվել է որպես խորտիկ հացաբլիթների և բանջարեղենի հետ միասին: Հումուսը Եվրոպայում հայտնի է դարձել միայն 20-րդ դարում. Օքսֆորդի բառարանը «հումուս» բառն առաջին անգամ օգտագործել է 1955 թվականին: Ամերիկայում ուտեստը առավել տարածված է դարձել միայն անցյալ դարի վերջին, որտեղ այն գրեթե անմիջապես սկսել են վաճառել փաթեթավորված տեսքով: Հումուսի մասսայականացումը ԱՄՆ-ում կապված է Հարավային Կալիֆոռնիայում մեծ թվով լիբանանցի միգրանտների հայտնվելու հետ՝ 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի պատճառով:
Ըստ վերջին հարցումների, ավելի քան 15 միլիոն ամերիկացի կանոնավոր կերպով հումուս է օգտագործում: Չնայած ամբողջ աշխարհում իր լայն տարածմանը, հումուսը հիմա էլ առավել տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում: Իսրայելում հումուսը մատուցվում է ամենուր՝ և՛ աշխատանքային ճաշարանում ընդմիջմանը, և՛ շքեղ հարսանիքի ժամանակ: Այնտեղ տանը հումուսը աղի կամ հացի նման մի բան է: Պաղեստինում հումուսն առավել հաճախ թարմ են մատուցում՝ տաքացրած տորտիլաներով: Սա պաղեստինցիների նախաճաշի սիրված ուտեստներից մեկն է: 2010 թվականի մայիսին ամենամեծ աման հումուսը մտել է Գինեսի ռեկորդների գիրք, չնայած, հաշվի առնելով դրա ծանրությունը, դժվար է այն ափսե անվանել:
Մի քանի օրվա ընթացքում Բեյրութի մերձակա գյուղերից մեկում 300 լիբանանցի խոհարար պատրաստել է տոննաների հասնող սիսեռի պյուրե: Արդյունքում, 10450 կիլոգրամ հումուս է եփվել, դրա պատրաստման համար պահանջվել է 8 տոննա լոլիկ, 2 տոննա կիտրոնի հյութ և 70 կիլոգրամ ձիթայուղ: Արդյունքում Լիբանանը հումուս պատրաստելու համաշխարհային ռեկորդ է սահմանել: 100 գրամ տնային հումուսը պարունակում է B և C վիտամինների օրական չափաբաժին, ինչպես նաև սպիտակուցներ, ֆոսֆոր, երկաթ, ցինկ և մագնեզիում: Չնայած հումուսը իր տեսքով նման է հացին քսվող նախուտեստի, բայց այն շատ է տարբերվում նման նախուտեստներից: Ոմանք նույնիսկ կարծում են, որ հումուս ուտելը իսկական արվեստ է: Կարծիք կա, որ հումուսը չի կարելի դնել հացի վրա, առավել ևս՝ քսել հացին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում