Հայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար
ОбществоԱյսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենափառահեղ իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը, որը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:
Հայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ և նոր էջ բացեց հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Այն դարձավ հաղթանակի, վերածննդի ու ազատության խորհրդանիշ յուրաքանչյուր հայի համար:
Հայ ժողովուրդը աննկարագրելի ինքնազոհողությամբ ու սխրանքներով նվաճեց անկախ պետականություն ունենալու իրավունքը:
Այսօր էլ մայիսի 28-ի խորհուրդը մեկն է՝ միասնական լինելու դեպքում մենք իսկապես անպարտելի ենք: Ապարանում անցկացվում են մի շարք միջոցառումներ` նվիրված 1918թ-ի հերոսամարտերին: Վերջին տարիներին Ապարանում պարտադիր նշվում է մայիսի 28-ը ։ Այսօր էլ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր ոչ միայն տեղի, այնպես էլ հարեւան մարզերի համայնքներից եւ մայրաքաղաք Երեւանից եկել են Ապարան , որպեսզի մասնակցեն այդ միջոցառմանը։
Ապարանի հրապարակից բազմությունը ոտքով շարժվում է դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Նախ այցելություն կատարում Արցախյան ազատամարտին զոհ գարձած ապարանցիների շիրիմներին: Այնուհետեւ մասնակիցները ուղեւորվում են դեպի զորահրամանատար Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանոց եւ հերոսի շիրիմը պատում ծաղկեպսակներով:
Այնուհետև իրենց խոնարհումն են հայտնում բոլոր նրանց, ովքեր ընկել են հերոսամարտերում:
Փառք ու պատիվ բոլոր ժամանակներում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր անմահներին:
Ներկաները շնորհավորեցին այս պայծառ ու կարևոր տոնի առթիվ: Այսուհետ արժեքավոր այս տոնի խորհուրդը թող առաջնորդի մեր ժողովրդին, լույսով ու հավատով լցնի բոլորի սրտերը: Թող մայիսյան հաղթանակները հայրենասիրության, ազատ ու անկախ ապրելու, արարելու, միաբանվելու և նոր մարտահրավերներ հաղթահարելու ուղենիշ լինեն մեզ համար: Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում վերադառնալու օրը:
Կեցցե՛ Հանրապետության տոնը:
Գեղեցիկ Բալեյան , Մարինկա Ալեքսանյան