Ինչո՞ւ 15 հազար կոճակ կարվեց մեկ հագուստի վրա. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կոճակը հագուստն ամրացնելու, եզրերն ի մի բերելու համար նախատեսված մետաղից, սադափից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված՝ մեծ մասամբ գնդաձև իր է։ Ամենահասարակ կոճակն իրենից ներկայացնում է սկավառակ երկու անցքերով՝ կարելու միջոցով հագուստին ամրացնելու համար։ Կոճակի պատմությունը սկսվել է հին ժամանակներից: Դրանց ամենահին նմուշները հայտնաբերվել են Ինդոս գետի հովտում պեղումների ժամանակ, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են դեռ հնդկական քաղաքակրթությունում (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ): Բացի այդ, հնագետները հաստատում են նաև, որ կոճակներն օգտագործել են հին հույները, սկյութները և հին հռոմեացիները: Գտնվել են գտածոներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք եղել են գոտիների վրա, որոնցով մարտիկները ամրացրել են իրենց զրահը: Այդ ժամանակների կոճակները տարբերվել են իրենց բազմաբնույթ ձևերով՝ եղել են կլորից մինչև նետաձև:
Նյութերը, որոնցից պատրաստվել են կոճակները, եղել են բազմազան՝ մետաղ, ապակի, փայտ, սաթ, մարգարիտ, ճենապակի և այլն։ Հին ժամանակներից սկսյալ՝ կոճակներն ունեցել են ոչ միայն պրակտիկ, այլ նաև դեկորատիվ նշանակություն, ինչպես նաև կապված են եղել սնահավատության հետ։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հնագույն ժամանակներում կոճակները այնքան լայնորեն չեն օգտագործվել, փոխարենը մեծ տարածում են գտել միջնադարում: Բանն այն է, որ հենց միջնադարում է մոդայիկ դարձել այնպիսի կիպ հագուստը, որը համապատասխան է եղել այն կրողի կազմվածքին: Ասենք, որ սկզբից նման հագուստը կարել են անմիջապես մարդու վրա, իսկ հետո հագուստը հանելու համար կարերը քանդել են: Ժամանակի ընթացքում այդ գործընթացը արագացնելու համար անգամ հորինվել է կար, որը քանդվում էր, երբ թելը մի ծայրից քաշվում էր: Այնուամենայնիվ, դա հարմարավետ չի եղել:
Արդյունքում, խնդիրը լուծվել է կոճակների շնորհիվ: Ճիշտ է, միայն շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ նման հագուստ, քանի որ կոճակները այն ժամանակ պատրաստվել են թանկարժեք մետաղներից՝ ոսկուց կամ արծաթից: Համապատասխանաբար, մարդը ինչքան շատ կոճակ ուներ իր հագուստի վրա, այնքան բարձր էր նրա կարգավիճակը: Հայտնի է, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս 1-ինը այնպիսի մի հագուստի տեր էր, որի վրա կարված էր ավելի քան տասնհինգ հազար կոճակ: Ժամանակի ընթացքում բնակչության մնացած մասը նույնպես հնարավորություն է ստացել օգտագործել կոճակներ, քանի որ դրանք սկսել են պատրաստվել ավելի էժան նյութերից: Հետաքրքիր է, որ կոճակներն անգամ դարձել են տարբերանշաններ:
Օրինակ՝ դրանց վրա եղել են շտամպավորված որոշակի պատկերներ, որոնք հաստատել են այն կրողի պատկանելիությունը որոշակի գերատեսչության աշխատակազմին: Կոճակների յուրահատուկ օգտագործման ձև է մտցրել Ռուսաստանում Պետրոս Մեծը, որը հրամանագիր է հրապարակել, ըստ որի, կոճակները պետք է կարվեն զինվորական համազգեստի թևերի վրա, որպեսզի զինվորները բերանը կամ քիթը չսրբեն համազգեստի թևերով: Դա հնարավորություն էր տալիս ավելի երկար պահպանել այն թանկարժեք կտորը, որից այն ժամանակ կարվում էին տարազները, բացի այդ, զինվորը ունենում էր կոկիկ և մաքուր համազգեստ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում