Ադրբեջանը պահանջում է Արցախից հեռացնել Ռուբեն Վարդանյանին
АналитикаԱրցախում արգելապատնեշներ տեղադրելուց և գրեթե 10 օր ամբողջական շրջափակումն իրականացնելուց հետո, Ադրբեջանը թույլատրել է «Կարմիր խաչի» միջոցով մի շարք առավել ծանր վիճակում գտնվող բուժառուներին տեղափոխել Հայաստան, ինչպես նաև հեռացրել է արգելապատնեշների մի հատվածը՝ այդ կերպ փորձելով Վաշինգտոնում սպասվող բանակցություներից առաջ տակտիկական առավելություն ստանալ։
Ստեփանակերտի մեր աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանցիները նաև Արցախի իշխանությունների առջև հստակ հարց են դրել՝ ամեն գնով Ստեփանակերտից հեռացնել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող Ռուբեն Վարդանյանին և նրա թիմի անդամներին։
«Տարօրինակ» կերպով Ադրբեջանի իշխանությունները նման որևէ պահանջ չեն ներկայացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մասով, և դա բնավ էլ զարմանալի չէ։ Բաբայանի վերջին շրջանի գործունեությունը և հայտարարությունները առավելապես ուղղված են Արցախը Ադրբեջանին ինտեգրելուն։
Մեր աղբյուրն էլ նշեց, որ Արայիկ Հարությունյանին և քաղաքական մի քանի ուժերի հստակ հասկացրել են, որ խնդիրների կարող են բախվել՝ ընդհուպ մինչև ռազմական էսկալացիա, եթե Ռուբեն Վարդանյանին չհեռացնեն Արցախից։ Եթե ճակատի որոշ անդամների մասով ավելի դժվար է իարականացնել այդ գործողությունը, քանի որ նրանք գրանցված են Արցախում, ինչպես նաև ունեն անշարժ գույք և այլ ունեցվածք, ապա Ռուբեն Վարդանյանի դեպքում ըստ ադրբեջանցիների որևէ իրական խոչընդոտի չպետք է հանդիպեն, ուստի և Արայիկ Հարությունյանն այս օրերին մտմտում է եղանակները, թե ինչպես կարելի է Ռուբեն Վարդանյանին հեռացնել Արցախից։
Ի դեպ, փաստ է, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը կարող է առաջիկայում սրվել, որի մի կողմում Ռուբեն Վարդանյանն է իր ճակատի հետ, իսկ մյուս կողմում Սամվել Բաբայանն ու մյուսները, որոնք խնդիր չեն տեսնում Ադրբեջանի հետ համագործակցելու։
Ցանկացած պարագայում փաստն այն է, որ արցախցիների գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատին և Վարդանյանի դեմ ցանկացած գործողություն լրջագույն հակաազդեցության է արժանանալու։
Մանե Սարիբեկյան