Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա. Ռուբեն Վարդանյան
АналитикаՎախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է այս արձանագրումն արել, նշել, թե Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:
Նրա խոսքով, բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։ «Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով»,- նշել է Վարդանյանը։
Օրերս էլ նախկին պետնախարարը նշել էր, թե Ադրբեջանը ժամ ժամի սեղմում է օղակն Արցախի շուրջ: «Այդ երկրի իշխանություններն անթաքույց ներկայացնում են իրենց նպատակները՝ կազմաքանդել Արցախի պաշտպանական բանակը, պետական ինստիտուտները՝ միաժամանակ սովի մատնելով ու անելանելի դրության մեջ դնելով 120,000 հայերի: Նրանք խնդիր են դրել կարճ ժամկետներում իրականացնել էթնիկ զտման ու բռնի տեղահանման իրենց ծրագիրը: Արցախի պաշտպանական բանակի դեմ տարվող տեղեկատվական արշավը ցույց է տալիս, որ իրենք փորձում են մեզ թողնել առանց պաշտպանության, զինաթափել: Բոլորս էլ գիտենք հենց մեր իսկ ցավոտ պատմությունից թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ այստեղ ապրող հայերի համար»,- նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով, թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ միջազգային գործընկերները, թե՛ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հստակ անելիքներ ունեն նման վտանգավոր սցենարը կանխելու հարցում: «Բայց ես ուզում եմ նաև խոսել՝ մեր՝ Արցախում ապրողներիս քայլերի մասին: Որքան էլ որ մեզ թվա, որ մենք մենակ ենք, որքան էլ իրավիճակն անելանելի թվա ու ծանր, իմացեք միայն պայքարի, չհանձնվելու դեպքում մենք կկարողանանք ապահովել արժանապատիվ կյանք մեր ու մեր երեխաների համար Արցախում: Վերջին երեսուն տարվա մեջ Արցախը շատ դժվարություններ է տեսել, այստեղ ապրողներից շատերն երեք պատերազմ են տեսել, ցավ, մարդկային կորուստներ, դաժանություններ, բայց Արցախում աներևակայելի ուժ կա, որ օգնում է դիմակայել այս ամենին: Այսօր իսկապես գերմարդկային ջանքեր են պետք, բացառիկ զգոնություն ու սթափություն մեզանից յուրաքանչյուրից, որպեսզի կանխենք Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրագործումը»,- գրել է Վարդանյանը:
Նինա Մանթաշյան