Ամերիկայի հետ կապ չունեցող «ամերիկյան» բրենդ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին առաջին ջինսերի զանգվածային մուտքը հեղեղեց շուկան, այդ թվում՝ Հայաստանում: Միջին սերնդի ներկայացուցիչները հիանալի կհիշեն, որ ամենահայտնի ջինսերից մեկն, իհարկե, Montana-ն էր, թեև կարելի էր հանդիպել նաև դասական ամերիկյան արտադրողների՝ ի դեմս Wrangler-ի, Lee-ի և Levis-ի։
Մոնտանա ապրանքանիշը համարվում էր բյուջետային, բայց, միևնույն ժամանակ, մոդայիկ։ Շատերին դա դուր է գալիս, քանի որ ամերիկյան նահանգներից մեկի անունն էր կրում, պիտակի վրա կար արծիվ, իսկ տաբատն ուներ եռակի կարման գիծ։ Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ապրանքանիշը երբեք էլ չի վաճառվել Ամերիկայում և չի արտադրվել այնտեղ։ Ի սկզբանե Montana ապրանքանիշը վերագրվել է Իտալիային, քանի որ հետևի գրպանին կարելի էր տեսնել այդ երկրի դրոշին նմանվող կտորից փոքրիկ ներդիր:
Ինչևէ։ Նշենք, որ, բացի վերը նշվածը, բրենդի տարբերակիչ հատկանիշներ են համարվել արույրե գամային կցամասերը և միագլուխ արծվի պատկերով մեծ անվանական թիթեղները: Առաջին մոդելները համալրված էին հետևի գրպանների մետաղական կողպեքներով, որոնցով կարելի էր անմիջապես նույնականացնել Մոնտանա ապրանքանիշը։
Առաջին օրիգինալ ջինսը ուներ մուգ կապույտ գույն, նյութը հաստ էր, որակյալ և մաշադիմացկուն։ Բայց, միևնույնն է, որոշ ժամանակ անց այն մաշվում էր, ի հայտ էին գալիս բաց գծեր, որոնք էլ յուրահատկություն էին հաղորդում այդ մոդելին։ Իհարկե, Մոնտանայի առաջին մոդելները մինչև 80-ականների կեսերը միայն օրիգինալ էին, այսինքն՝ կեղծված չէին։ Բայց կարճ ժամանակ անց հայտնվեցին առաջին կրկնօրինակները, որոնք ունեին այլ որակի կտոր, աքսեսուարներ և կարվածք: Սակայն իրական որակը կարող էր ապահովել միայն բնօրինակը։
Փորձելով գտնել Montana ապրանքանիշի մասին գոնե ինչ-որ հիշատակում՝ դուք, ամենայն հավանականությամբ, չեք գտնի այն: Համացանցում բացակայում են Մոնտանա ապրանքանիշի վերաբերյալ տվյալները, այդ ջինսի ապրանքանիշի հիշատակում կարելի է գտնել միայն համացանցի ռուսական հատվածում, որից էլ հնարավոր է տեղեկություն ստանալ ապրանքանիշի իրական ծագման մասին։
Պատմության մեջ ավելի խոր փորփրելով՝ կարելի է գտնել, որ ապրանքանիշն առաջին անգամ հայտնվել է ոչ թե Ամերիկայում, ինչ- պես կարծում են շատերը, այլ Արևմտյան Գերմանիայում 60-70-ականների սկզբին: Բայց առաջին հավաքածուի ստեղծումը շատ թանկ է ստացվել, ուստի Montana ջինսերի համար դժվար էր մրցակցել հագուստի նմանատիպ ապրանքանիշների հետ: Օրիգինալ Մոնտանան մետաղյա օվալի փոխարեն կաշվե արծվով ներդիրով էր և կրկնակի կարով։ Այն ժամանակ վաճառքը ձախողվել է, և արտադրությունը փակվել է: Արտադրանքի մի մասը վաճառվել է արտասահմանում, իսկ մի մասը մտել է սպեկուլյանտների կողմից գրավված խորհրդային շուկաներ: ԽՍՀՄ-ում ջինսերը ժողովրդականություն են ձեռք բերել ոչ թե որպես աշխատանքային արտահագուստ, այլ հագուստ շրջապատում երևալու համար։ Ջինսով կարելի էր գնալ պարի, կինոթատրոն կամ նույնիսկ ռեստորան: Բայց ոչ բոլորը կարող էին գնել դրանից, քանի որ առաջին մոդելների գները հասնում էին մինչև 60 ռուբլու: Չնայած դրան, պահանջարկը մեծ էր: Արտարժույթի խանութները կամ սև շուկայի վաճառողները հիմնականում վաճառում էին Մոնտանա, քանի որ դրանք մատչելի էին, ի տարբերություն այլ հայտնի ապրանքանիշերի: Արդյունքում էլ հենց Մոնտանա անունն է մնացել մարդկանց հիշողության մեջ։
Գերմանիայում «բնօրինակ Մոնտանայի» արտադրության ավարտից հետո այն անցել է Լեհաստան, որտեղ էլ ձեռներեց մարդիկ վերցրել են այդ գաղափարը և սկսել արտադրել մի փոքր փոփոխված մոդել։ Մոնտանա ջինսե տաբատի լեհական մոդելում արդեն կար եռակի կար, մետաղական կցամասեր և կողպեքներ հետևի գրպաններին։ Հենց այդ ջինսերն էլ դարձել են մեզ հայտնի «Մոնտանան»: Ջինսեր սկսել են ԽՍՀՄ բերել նավաստիները և այն հազվագյուտ երջանիկները, ովքեր իրավունք ունեին ճանապարհորդել արտասահման։ Ժամանակի ընթացքում ջինսի որակը ընկել է, կցամասերը փոխվել են, և հետևի գրպաններից կողպեքներն են անհետացել։ Նման կերպ էլ օրիգինալ Մոնտանայի դարաշրջանն ավարտվել է դեռևս 80-ականներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում