Կյանքը 40 աստիճան շոգի պայմաններում հանգեցնում է մարդու մետաբոլիզմի արագացման. SEB
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանացի կենսաբանները ուսումնասիրել են մարդկանց նյութափոխանակությունը բարձր ջերմաստիճանի եւ օդի խոնավության պայմաններում եւ եկել այն եզրակացության, որ կյանքը 40 աստիճան մշտական շոգի դեպքում նպաստում է մետաբոլիզմի կամ նյութափոխանակության կտրուկ արագացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակել է Բրիտանիայի Փորձարարական կենսաբանության ընկերության (SEB) մամուլի ծառայությունը։
Հետազոտության ընթացքում գիտնականները փորձի մասնակիցներին տեղավորել են հատուկ սարքավորված լաբորատոր խցում եւ հետեւել, թե ինչպես է փոխվել նրանց մետաբոլիկ ակտիվությունը ջերմաստիճանի եւ խոնավության բարձրանալու ժամանակ։ Փորձի շրջանակում գիտնականները չափել են շնչառության արագությունը եւ հետեւել սրտի աշխատանքին էխոկարդիոգրի օգնությամբ։ Կամավորները հագել են դիմակներ, որոնք ֆիքսել են սպառվող թթվածնի ծավալը։
Դիտարկումների ընթացքում գիտնականները պարզել են, որ կամավորների նյութափոխանակության արագությունը կտրուկ արագացել է, երբ ջերմաստիճանները լաբորատորիայում կազմել են 40-50 աստիճան։ Դա տեղի է ունեցել ինչպես ցածր, այնպես էլ բարձր խոնավության դեպքում։ Ցելսիուսի 40 աստիճանի դեպքում մասնակիցների մետաբոլիզմն արագացել է մոտ 35 տոկոսով, իսկ 50 աստիճանի եւ խոնավության բարձր մակարդակի դեպքում այդ ցուցանիշը ավելացել է եւս 13 տոկոսով։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ նյութափոխանակության կտրուկ բարձրացումը չէր կարելի ամբողջովին բացատրել նրանով, որ մասնակիցների մարմինը ավելի շատ կալորիաներ է ծախսել սրտխփոցի, շնչառության հաճախակիանալու եւ ակտիվ քրտնարտադրության պատճառով։ Ինչպես կարծում են հետազոտողները, դա վկայում է այն մասին, որ մարդու օրգանիզմի ադապտացիոն ունակությունները սահմանագծին են եղել։
Գիտնականները նշել են, որ Ցելսիուսի 40 աստիճանին մոտ վիճակում վերին սահմանին կարող է գտնվել այսպես կոչված ջերմաչեզոք գոտին՝ ջերմաստիճանների դիապազոնը, որոնց դեպքում մարդու օրգանիզմը ծախսում է էներգիայի նվազագույն քանակությունը հանգստի վիճակում։ Մարդկային մետաբոլիզմի այս առանձնահատկությունը պետք է հաշվի առնել գլոբալ ջերմացման հետեւանքների դեմ պայքարին ուղղված միջոցներին պատրաստվելիս, նշել են կենսաբանները։