Արդեն սադրիչ խմբեր են ձևավորում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Շաբաթ օրը «Հայաքվեի» կազմակերպիչները տեղեկացրեցին, որ Արցախը այլ պետության կազմում ճանաչողների համար քրեական պատիժ նախատեսող ստորագրահավաքին առաջին 5 օրում մոտ 15 հազար քաղաքացի է միացել: Այսինքն, մնացած 6 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ևս 35 հազար ստորագրություն: Շատերի համոզմամբ, այդքան ստորագրությունը կարող է նույնիսկ ավելի շուտ հավաքվել՝ հաշվի առնելով հանրության զգալի ակտիվությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքն ավելի է նյարդայնացնում իշխանություններին: Բերելով կոնկրետ օրինակներ՝ մենք առիթ ունեցել ենք նշելու, որ տեղերում փորձում են ամեն կերպ խոչընդոտել «Հայաքվեի» ընթացքը:
Հիմա արդեն ՔՊ-ն անցել է տարբեր սադրանքների: Ի մասնավորի, երեկ միջադեպ է տեղի ունեցել Մարտունիում՝ քաղաքապետարանին ենթակա Մշակույթի պալատում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը, ստորագրահավաքի վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա հավաքվել են ինչ-որ անձինք, մարդկանց համոզել, որ չստորագրեն, հետո մոտեցել և շատ կոշտ, ագրեսիվ ձևով պահանջել հեռանալ, վիրավորել «Հայաքվեի» կազմակերպչական աշխատանքներ իրականացնող աղջիկներին: Այնուհետև նրանք փորձել են ծեծկռտուք սարքել, սակայն, ըստ Հոխիկյանի, ինքը թույլ չի տվել:
Մեր հավաստի տեղեկություններով, նման սադրիչ խմբերը կազմակերպվում են հենց ՔՊ-ի կամ առնվազն տեղական իշխանությունների կողմից: Կան տեղեկություններ, որ այլ վայրերում ևս առաջիկայում հնարավոր են նման սադրանքներ: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, տարբեր համայնքներում ոչ միայն հենց համայնքապետների կամ համայնքապետարանների աշխատակիցների, այլև, նման «տասովչիկների» կողմից «աշխատանքներ» են տարվում քաղաքացիների հետ, շատերին նույնիսկ սպառնում են, որ հանկարծ չհամարձակվեն ստորագրել: Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, ստորագրահավաքը երեկ ևս բավական լուրջ ցուցանիշներ է արձանագրել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում