Պեկինի հետ կոնֆլիկտի պատճառով միլիարդատեր Ջեք Ման կորցրել է կարողության կեսը
Международные новостиAlibaba Group-ի համահիմնադիր, չինացի միլիարդատեր Ջեք Ման Չինաստանի իշխանությունների հետ մոտ երկու տարի տևած կոնֆլիկտի պատճառով 30 միլիարդ դոլար է կորցրել իր անձնական կարողությունից։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Գործարարի կարողությունը ռեկորդային ցածր մակարդակի է հասել այն բանից հետո, երբ Չինաստանի կենտրոնական բանկը 7,12 միլիարդ յուանով (985 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) տուգանել է Ant Group տեխնոլոգիական հսկային, որի համահիմնադիրն է Ման:
Հուլիսի 12-ի դրությամբ Մաի կարողությունը կազմում է մոտ 30 միլիարդ դոլար՝ նրա անձնական ֆինանսների շուրջ կեսը 2020-ի հոկտեմբերից ի վեր՝ նախքան Պեկինի հետ կոնֆլիկտը։
Միլիարդատերն սկսեց խնդիրներ ունենալ այն բանից հետո, երբ 2020-ի հոկտեմբերին ելույթ ունեցով, որում քննադատեց Չինաստանի ֆինանսական կարգավորման համակարգը: Շուտով չինական կարգավորիչներն սկսեցին խիստ հսկողության տակ պահել Մաի բոլոր բիզնեսները, այդ թվում՝ Alibaba-ն և Ant-ը: Հենց այդ շրջանում էլ Պեկինը դադարեցրեց նաև Ant-ի արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը։
2022-ի աշնանից ի վեր միլիարդատերը, որը ժամանակին Չինաստանի ամենահայտնի ձեռնարկատերն էր, սկսել է խուսափել հրապարակայնությունից: Նրան հանդիպել են Նիդեռլանդներում, Իսպանիայում, Ավստրալիայում, Թաիլանդում և Ճապոնիայում, բայց ոչ հանրային միջոցառումների ժամանակ։ Այս տարվա մարտին նա եկել էր Չինաստան՝ այցելելու դպրոցներից մեկը։
Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ Պեկինը փորձել է համոզել Մաին վերադառնալ մայրցամաք՝ շարունակելու աշխատանքը երկրում, սակայն չինացի գործարարը նախընտրել է մնալ արտերկրում և հեռացել է իր ընկերություններից։ Աղբյուրների համաձայն՝ Ման այժմ մշտապես բնակվում է Տոկիոյում։ Մայիսին նա միացել է Տոկիոյի համալսարանի Տոկիոյի քոլեջին որպես հրավիրյալ պրոֆեսոր։