Ամեն ինչ անում է Բաքվի և Անկարայի ցանկություններն իրականություն դարձնելու համար. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
tsargrad.tv–ն «35 տարվա ընթացքում ոչինչ չսովորեց. Փաշինյանը Ղարաբաղը գցում է նոր դժոխքի շրջապտույտ» վերնագրով հոդվածում գրում է, որ 1988 թվականի հուլիսի 12-ին՝ 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ Այդ որոշումը փաստացի կանխորոշեց այդ տարածաշրջանի բնակչության հետագա ողջ ճակատագիրը։ Մի քանի օր անց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ ԼՂԻՄ-ը Հայաստանին հանձնելը անհնար է։ Դրանից հետո հայերի և ադրբեջանցիների միջև կատաղի բախումներ սկսվեցին։
Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հայերի նկատմամբ էթնիկ զտումներ տեղի ունեցան։ Շատերը վտարվեցին իրենց տներից կամ սպանվեցին։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանը մի քանի պատերազմ է ապրել։ Վերջինի արդյունքում, օրինակ՝ Ադրբեջանին հաջողվեց գրավել Ղարաբաղի զգալի մասը։ Բայց դա, ըստ փորձագետների, չի բավարարում Բաքվի իշխանություններին։ Նրանք կցանկանային իրենց վերահսկողության տակ առնել ոչ միայն չճանաչված հանրապետության ողջ տարածքը, այլ նաև հենց Հայաստանը։ Իրադարձությունների նման զարգացմամբ շահագրգռված է նաև հարևան Թուրքիան, որը կցանկանար ելք ստանալ դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիայի երկրներ։
Հայաստանի ղեկավարությունը, ինչպես խոստովանում են տեղի բնակիչները, ամեն ինչ անում է Բաքվի և Անկարայի ցանկություններն իրականություն դարձնելու համար։ Ուստի, փաստացի, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու իր պատրաստակամության մասին։ Բայց արդյո՞ք դա կլուծի խնդիրը... Քանի դեռ Արցախի (ԼՂՀ) տարածքում հայեր կան, նրանք երբեք չեն հաշտվի ադրբեջանցիների վերահսկողության տակ ապրելու մտքի հետ: Իսկ դա նշանակում է, որ ապագայի համար պայքարը շարունակվելու է, և անգամ ԱՄՆ դեսպանը ի վիճակի չէ փոխել այդ իրողությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում