Քարավանն անցնելու է իր ճանապարհով. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
АналитикаԻնչքան էլ շակալները վայրահաչեն, քարավանն անցնելու է իր ճանապարհով։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն է հայտարարություն տարածել, նշել, թե հանրային շարժման և նրա Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները բուռն արձագանք ենք առաջացրել այն շրջանակների ու ուժերի մոտ, որոնք, ցավոք, այս ծանր իրավիճակում պայքարի իմիտացիայով են զբաղված:
«Առայժմ չենք ուզում գնահատականներ տալ, նրանց բառապաշարն ու վարքագիծն արդեն իսկ ամեն ինչ ասում է իրենց մասին: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են նման վարքագիծ դրսևորողների ու այդպիսի հայտարարություններ անողների ետևում, առաջին հերթին արջի ծառայություն են մատուցում հենց Արցախի իշխանություններին: Իսկ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տալիս զգոն լինել: Այս իրավիճակում երկիրը ներսից քանդելու, ատելություն ու պառակտում սերմանելու երևույթները պետք է բացառվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ճակատից արձանագրում են, որ այս իրավիճակում ամենակարևորն Արցախի ժողովրդի հավաքական ցանկության ու նպատակի՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալու ուղղությամբ աշխատանքն է:
«Դրա համար մենք շարունակելու ենք անել հնարավորն ու անհնարինը: Այս և նմանատիպ բոլոր մանիպուլյացիաներին մենք պատասխանելու ենք մեր գործով: Մեր սկզբունքները մենք հստակ հայտարարել ենք ու մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու ենք մեր հիմնական խնդրի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Արցախում ժամանակին յուրաքանչյուր ասված խոսքն արժեք է ունեցել և յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրել իր ասածի համար: Վստահ ենք, որ շատ արժեքների հետ, Արցախում նաև դա է վերականգնվելու: Ոչինչ անհետ չի կորչում: Ժամանակը կգա և ամեն մեկը պատասխանատվություն կկրի իր ասածների և արածների համար:
Սամվել Սարիբեկյան