Արցախում նշել են Պայծառակերպության տոնը
КультураՍտեփանակերտի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցին հերթական անգամ իր գրկում համախմբել էր մեր ժողովրդին: Հուլիսի 16-ին Առաքելական Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Արցախի թեմից NEWS.am-ին հայտնում են, որ տոնական օրը սկսվել է Սուրբ և Անմահ Պատարագով. պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քհն. Գյուրջյանը: Տեր Հայրը իր քարոզի մեջ նշել է, որ մենք, մեր մտքում պետք է ունենանք Քրիստոսի կերպարը` որպես բացվող վարդ։ Հիսուս Քրիստոս վարդի նման փշոտ կյանք ունենալով, ծաղկեց և այլակերպվեց` ի ցույց դնելով Իր աստվածային փառքը: Քրիստոսի կերպարը այնքան պայծառ ու ճերմակ մաքրություն ունի, որ մենք անընդհատ պետք է նորոգենք մեր անձը` ձգտելով անհաս թվացող կատարյալ լույսին: Պատարագի ընթացքում Աշխարհգալոցի ժամանակ Տեր Հայրը վարդաջրով ցողել է ներկաներին:
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի է ունեցել Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր եկեղեցու երիտասարդաց միության կողմից: Միջոցառման մաս են կազմել խաղերը, ազգային պարերը, որին մասնակից են եղել ինչպես միության անդամները, թեմի կիրակնօրյա դպրոցների երեխաները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին միանալու տոնական միջոցառմանը: Այն ամփոփվել է ժողովրդական ավանդույթ դարձած ջրախաղով։