Երկրորդ օրն է դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում
ОбществоԵրկրորդ օրն է դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։
Հայաստանի կառավարության որոշմամբ, լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունը, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, պետք է տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։
Երեկ ուշ երեկոյան Սյունիքի Տեղ գյուղում, ճեպազրույցի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ասաց, որ բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու հարցում առաջընթաց չկա, ռուսական կողմից դեռ պատասխան չեն ստացել։
«Իրավիճակը, էս առումով, չի փոխվել, նոր զարգացում չկա, դեռևս սպասում ենք պատասխանի՝ բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով, Էնպես որ իրավիճակի փոփոխություն այս առոմուվ տեղի չի ունեցել», - ասաց Սարգսյանը։
Իսկ ի՞նչ են պատրաստվում անել և որքա՞ն են նախատեսում բեռները պահել Կոռնիձորում, եթե այնուամենայնիվ ռուսական կողմին չհաջողվի համաձայնության գալ ադրբեջանցիների հետ, Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդեց, որ ժամկետներ չկան։
«Հստակ ժամկետների մասին այս պահին խոսել չեմ կարող, որովհետև մենք ի սկզբանե այս գործընթացի մեջ ներգրավվել ենք հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ հասցնելու նպատակով, ոչ թե որոշակի ժամկետներ որոշելու համար, թե որքան կանգնելուց և որքան դադարից հետո այս կամ այն գործընթացը կկիրառվի այդ բեռի հետ կապված», - ասաց Սարգսյանը։
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը Ադբրեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրություն որակեց, ինչին հաջորդեց Բաքվի արձագանքը։
Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, որ «եթե հայկական կողմն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է խուսափի սադրիչ քայլերից, աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ և մյուս այլընտրանքային ճանապարհներին»։
Երեկ Բաքուն նաև ափսոսանք էր հայտնել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության կապակցությամբ։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք:
Այսօր, ի դեպ, ինչպես տեղեկացրեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, սպասվում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցը հումանիտար շարասյան հատված։