Ե՞րբ և ինչո՞ւ ժամանակակից Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղից. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
ukraina.ru-ն «Փաշինյանի «հեղափոխությունը». ե՞րբ և ինչո՞ւ ժամանակակից Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ, Երևանը պնդում է, որ ԼՂՀ հայ բնակչությունը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, և որ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում։ Բաքվում դրան դեմ են, Իլհամ Ալիևը Ղարաբաղի հայերին կոչ է արել կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանալ տարածաշրջանից։ Պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը ukraina.ru-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունը հեղափոխական է անվանել։
«Ղարաբաղյան շարժումն իր վառ, արդյունավետ ձևով սկսվեց 1987 թվականին, երբ Գորբաչովը պաշտոնանկ արեց ԽՍՀՄ-ի՝ ծագումով ադրբեջանցի բարձրագույն պաշտոնյային՝ Հեյդար Ալիևին։ Դրանից հետո սկսվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի անջատումն աջակցող շարժման զարգացումը: Հայաստանում թե՛ սահմանադրական պահանջները, թե՛ օրենսդրությունը, թե՛ Հայաստանի զինված ուժերի գործնական զարգացման համակարգը ուղղված էին մեկ գաղափարի, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պատմական Հայաստանի մաս է»,- նշել է փորձագետը։
Նա հիշեցրել է նաև, որ հայ ժամկետային զինծառայողները ծառայում էին Ղարաբաղի տարածքում, և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես տեղակայված էին այնտեղ։ «Ընդհանուր առմամբ, եղել է ամբողջական ինտեգրում, այդ թվում՝ տնտեսական սուբսիդիաներ, որոնք նույնիսկ ամենաթույլ տարիներին կազմում էին ԼՂՀ պետական բյուջեի 65 տոկոսը»,- ասել է Կոլերովը։ «Եվ հետո եղավ հեղափոխություն, Փաշինյանը ոչ միայն հրապարակավ հրաժարվեց Ղարաբաղից, որի համար Հայաստանը պայքարում էր 35 տարի, այլ նաև գործնականում հրաժարվեց պաշտպանել այն. արա՛ այն, ինչ ուզում ես, դու այլևս ինձ համար չկաս: Նիկոլ Փաշինյանը դավաճանել է այն Հայաստանին, ինչը եղել է վերջին 35 տարում, դավաճանել է հանուն Ղարաբաղի համայն հայության այն միասնությանը, որը եղել էր այդ տարիներին»,- ընդգծել է փորձագետը։
Այդուհանդերձ, նշել է Կոլերովը, ժամանակակից Հայաստանում Փաշինյանին այլընտրանք չկա, և ոչ ոք չի կարող նրան հեռացնել իշխանությունից։ «Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը վաղուց հրաժարվել էր եթե ոչ Ադրբեջանից Ղարաբաղի անկախության գաղափարից, ապա գոնե իր համար այդ գաղափարի առաջնահերթությունից։ Մոտ 10-12 տարի առաջ անցկացված՝ հայկական չափանիշներով մեծ հարցումը ցույց էր տվել, որ հարցվածների միայն 19 %-ն է պատրաստ անձամբ կռվել Ղարաբաղի անկախության համար»,ամփոփել է Մոդեստ Կոլերովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում