32-ամյա կնոջ բազմադրվագ սխեմատիկ խարդախությունների արդյունքում 21 անձ է տուժել․ ՔԿ
ОбществоԲացահայտվել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 32-ամյա կինը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ, հայտնել, թե իբր նրանց կարող է դարձնել ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, և որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։ Կեղծ խոստումներ տալով, իր կողմից պատրաստված, անշարժ գույքերի գրանցման գործընթացի վերաբերյալ իբր Երևանի քաղաքապետարանից ստացված կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով նա 2020-2022թթ․ ընթացքում 18քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող ընդհանուր 29.230.200 ՀՀ դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ՌԴ ռուբլի գումար:
Նույն անձը 2020թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մոլորության մեջ գցելով, վստահությունը չարաշահելով, մի քաղաքացու հայտնել է, թե իբրև հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Կասկած չհարուցելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով նա ներկայացրել է իբր Դատախազությունից ստացված, մինչդեռ իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ գրություն այն մասին, որ ինքը քրոջ և եղբոր լիազորագրերի հիմքով ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է նրանցից թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50 000 000 ՀՀ դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 ՀՀ դրամ գումար:
Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբրև հանդիսանում է առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր, խոստացել գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Խոստումն իբրև թե կատարելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ներկայացրել է իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե այդ անձը հանդիսանում է հիշյալ ՍՊ Ը-ի 63 տոկոս և առողջարանի 54 տոկոս բաժնետեր:
Բացի այդ, 2020թ․ ծանոթանալով մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս կողմից բնակարան գնելու մտադրության մասին՝ նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին տիրանալու նպատակով մշակել և իրականացրել է հանցավոր սխեմա։ Իրենց մտերմությունն օգտագործելով, որպես վստահությունը չարաշահելու միջոց, 2020թ․ այդ կնոջն առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրեն պատկանող երկու բնակարան։ Այնուհետև նշված անձի հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող հիշյալ բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին՝ 7.500.000 ՀՀ դրամ գումարով գնել բնակարաններից մեկը։