Յուրաքանչյուր երեխա պետք է հաճախի ի՛ր թաղամասի դպրոց
Общество1. Համայնքային հավասարաչափ զարգացումը կենսական անհրաժեշտություն է ողջ երկրի և մասնավորապես Երևանի համար։
Տվյալ դեպքում՝ Երևանի բոլոր համայնքները պետք է ոչ միայն հավասարաչափ ընկալվեն մեր գիտակցության մեջ և հավասարաչափ վերաբերմունքի արժանանան, այլև հավասարաչափ զարգանան:
Այս մոտեցումը մեր նախընտրական ծրագրի՝ «Վիկտորի պլան»-ի առանցքն է: Այդ ծրագրով, օրինակ, նախատեսում է, որ, առաջին դասարանից սկսած, երեխաների ընդունելությունը պետք է կատարվի միայն իրենց տարածքի դպրոցներում, այնպես, ինչպես նրանք կցված են իրենց տարածքային պոլիկլինիկաներին, փոստային ինդեքսին համապատասխան: Այսինքն՝ յուրաքանչյուր երեխա պետք է հաճախի ի՛ր տարածքի կամ, առավելագույնը, իր թաղամասի դպրոց/դպրոցներ։ Բայց դրան պետք է նախորդեն դպրոցների կրթական, բովանդակային, նյութատեխնիկական բարեփոխումները։ Բոլոր դպրոցները բոլոր առումներով՝ կրթական մակարդակից մինչև ֆինանսական հնարավորություններ, պետք է լինեն նույն հարթության մեջ:
Սա պետք է կոտրի այն կարծրատիպը, որ՝ լավ դպրոցը պարտադիր չէ, որ լինի Երևանի կենտրոնում։ Միևնույն ժամանակ, կենտրոնում գտնվելը չի նշանակում պարտադիր լավ դպրոց:
2. Ինչքան էլ ոմանց «անվճար» բառը դուր չգա, իսկ ոմանց մեջ էլ անհանգստություն առաջացնի, «Հաղթանակ» կուսակցությունը նաև առաջարկում է Երևանի դպրոցներում մտցնել պարտադիր համազգեստ, ընդ որում՝ ԱՆՎՃԱՐ։ Մենք նախ և առաջ, ինչպես և մեր առաջարկած անվճար հասարակական տրանսպորտի դեպքում, կրկին նպատակ ունենք ապահովել սոցիալական հավասարություն, ինչպես նաև, որը ոչ պակաս կարևոր է, թեթևացնել ծնողների բեռը՝ նրանց ազատելով գոնե դպրոցական հագուստի վրա գումար ծախսելու հոգսից։
Մեր առաջարկը բացարձակապես պոպուլիզմ չէ, այլ՝ գործողություն, որը հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով մեր բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը։ Պետությունը, տվյալ դեպքում՝ քաղաքային իշխանությունը, այդ բեռը պետք է վերցնի իր վրա։ Եւ, ինչպես անվճար հասարակական տրանսպսրտի դեպքում, այս առաջարկի համար նույնպես մենք ունենք համապատասխան հաշվարկներ և գիտենք հարցի լուծման ճանապարհը։