Բոտֆորդ. ինչպես զինվորական ճտքավոր կոշիկները դարձան կանանց հանդերձանքի անբաժան մաս. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Բոտֆորդ երկարաճիտ կոշիկների հայտնվելու պատմությունն արժե սկսել նրանից, որ նման կոշիկներ, որոնց ճտքերը հասնում են մինչև ծնկները և ամբողջովին ծածկում են սրունքները, հայտնվել են Իսպանիայում դեռ տասներկուերորդ դարում՝ որպես իսպանացի հեծյալների երկարաճիտ կոշիկներ, բայց դրանք դեռևս բոտֆորդներ չեն եղել: Բոտֆորդներն ստեղծվել են Ֆրանսիայում՝ 17-րդ դարում, և դրանք մի փոքր տարբերվում էին իսպանական տարբերակից: Հետագայում դրանք շատ արագ լայն տարածում են գտել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև ողջ Եվրոպայում։
Ֆրանսերենից թարգմանված՝ «բոտֆորդ» նշանակում է «կոշտ ճշտքավոր կոշիկ», և դրանք նախատեսված էին հեծելազորի սպաների համար: Բոտֆորդների կառուցվածքը թույլ էր տալիս երկար մնալ թամբի վրա, քանի որ դրանք կոշտ էին, գրեթե չէին ծալվում ո՛չ ծնկահոդում, ո՛չ էլ կոճերի մոտ, վերին մասը պաշտպանում էր ծնկները, հետևաբար, հեծյալների ոտքերը ավելի քիչ էին հոգնում: Ռուսաստանում բոտֆորդները հայտնվել են տասնութերորդ դարում: Պետրոս 1-ինին և Եկատերինա Մեծին շատ էին դուր գալիս նման կոշիկները. թագուհին, լինելով առնական, ուժեղ և անկախ կին, սիրում էր տղամարդկանց համար նախատեսված զինվորական կոշիկներ։ Եվրոպայում այդ ժամանակներում բոտֆորդներ սկսել էին կրել ոչ միայն հեծյալները, այլ նաև պալատականները:
Ժամանակի ընթացքում բոտֆորդների վրա հայտնվել են ծալքեր, որոնք հարմարավետություն էին ապահովում ծնկները ծալելիս: Ասեղնագործուհիները զարդարում էին աստառը կարով, ժանյակներով, ուլունքներով և մարգարիտներով։ Հանրության շրջանում այդ երեսպատումը, զարդարանքները ցուցադրելը այն կրողի՝ հասարակության մեջ կարգավիճակն ու նշանակությունը ցույց տալու համար էր: Սկզբում ծնկից բարձր ճտքերով բոտֆորդները բացառապես տղամարդկանց կոշիկներ էին, սակայն քսաներորդ դարի կեսերին՝ կանանց ազատականացման ժամանակ, դրանք սկսեցին հաջողությամբ կրել նորաձևության կին սիրահարները՝ մինի կիսաշրջազգեստների հետ համատեղ։ Նման հանդերձանքի ազդեցությունը տղամարդկանց գրավելու հարցում ակնհայտ է, քանի որ դրանք ընդգծում էին ոտքերի գեղեցկությունը։ Այդ ամենի պատճառով էլ ծնկից բարձր ճտքերով կոշիկները սկսեցին օգտագործվել էրոտիկ շոուներում, սակայն աշխարհիկ հասարակության մեջ նման կոշիկներ կրելը համարվում էր անպարկեշտ և շատ բաց:
Բոտֆորդները դարձան թեթև վարքի կանանց տարբերակիչ հանդերձանքը: Ժամանակի ընթացքում կյանքի ու «պարկեշտության» մասին հայացքները փոխվեցին, և կոշիկի այդ տեսակը սկսեց դառնալ հայտնի մարդկանց հանդերձանքի մաս։ Չնայած այն հանգամանքին, որ ծնկներից անցնող ճտքավոր կոշիկները դեռևս ընդգծում էին բացությունն ու էմանսիպացիան, հասարակության մեջ դրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց. այն դարձավ վարքագծի նորմ, մոդայիկ միտում, ինչպես հիմա են ասում: Աստղերը բոտֆորդներով նկարահանվում են ֆիլմերում և տեսահոլովակներում, ելույթներ են ունենում համերգների ժամանակ, մասնակցում ընդունելություններին: Աստղերի հանդեպ պաշտամունքը նպաստել է ծնկից բարձր երկարաճիտ կոշիկների գովազդմանը։
Հասարակ կանայք, ընդօրինակելով կուռքերին, սկսել են զանգվածաբար գնել նման կոշիկներ։ Դրանք, ընդգծելով այն կրողի մարմնամասերը, դարձել են սեքսուալության արտահայտման միջոց։ 21-րդ դարի սկզբին մոդելավորողների ցուցադրություններին ևս սկսել են հայտնվել այդ տեսակի կոշիկներ։ Դրանք դարձել են ոչ միայն բաց, այլ նաև զուսպ հագուստի տարրեր, մոդայիկ է դարձել դրանք ջինսի, կամ այլ տաբատի հետ կրելը։ Դիզայներներն ու կոշկակարները բազմազանեցրել են բոտֆորդների գունապնակը՝ տարբեր տեսակի կրունկներ, գուլպաների գույներ, քուղեր, գամեր, մորթուց, կաշվից և գործվածքից կարված աստառներ։ Հայտնվել են կաշվից, թավշից և խառը տիպի երկարաճիտ կոշիկներ։ Դրանք սկսել են կրել տարբեր տարիքի, տեսակի և սոցիալական կարգավիճակի կանայք ամբողջ տարին՝ պարզապես ընտրելով բոտֆորդները իրենց հագուստին համապատասխան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում