«Մեր աղջիկները սպասում ու կարոտում են հայրիկին, իսկ ես ապրելու ուժ եմ ստանում նրանցից». Հայկազ Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 1-ին անօդաչուի հարվածից. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկազը ծնվել է Երևանում: Մայրաքաղաքում դպրոց է հաճախել, զուգահեռ՝ նաև պարի, կարատեի խմբակների: 2004-2006 թթ. ծառայել է Հայկական բանակում: Հայկազի կնոջ՝ Անիի խոսքով, եղել է խիզախ և հայրենիքին նվիրված զինվոր: 2007 թ.-ին ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքեր՝ որպես վաշտի ավագ։ Անին ասում է՝ սիրում էր իր աշխատանքը, մեծ նվիրումով էր ծառայում։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պատվոգրերով: 2012 թ.-ին կազմվել է Հայկազի և Անիի ընտանիքը, որտեղ երկու դուստր է ծնվել՝ Մանեն և Սուսաննան։ Նրանք ծանոթացել են Անիի բարեկամներից մեկի միջոցով, որն աշխատում էր Հայկազի հետ: «Մեր ամուսնությունից մեկ տարի առաջ էինք ծանոթացել: Մեկ տարում մեր ծանոթությունը կայացավ, նշանվեցինք, հետո ամուսնացանք: 2013 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2016 թ.-ին՝ մեր երկրորդ դուստրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անին:
Նշում է՝ ամեն ինչից առավել Հայկազը սիրել և պաշտել է ընտանիքն ու երեխաներին. «Հայկազը սիրում էր կյանքն ուրախ և տխուր պահերով։ Սիրում էր հավաքվել հարազատների ու ընկերների հետ և ամենասովորական օրը դարձնել ուրախ ու հիշարժան: Նա հիասքանչ մարդ էր, բարի էր, որևէ բացասական հատկանիշ չուներ, որ ձեզ հետ զրույցում ասեմ: Ես իր հետ իմ կյանքի լավագույն տարիներն եմ անցկացրել»: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Այսպես ասենք, իրեն առաջին օրը կանչեցին, և սեպտեմբերի 28-ից նա ուղևորվել է Արցախ: Մեկ ամիս եղել է մարտի դաշտում, մասնակցել է Ջրականի, Հորադիզի և Մարտունու թեժ մարտերին։ Այդ օրերին իր հետ կապի մեջ ենք եղել: Մեկ ամիս անց վերադարձավ տուն, երկու օր հետո հրաման եկավ, իրեն նորից կանչեցին: Ոչ մեկս չէր ցանկանում, որ գնա: Արդեն անցել էինք այդ դժվարությունների միջով, հասկանում էինք, թե իրականում ինչ է տեղի ունենում մարտի դաշտում, բայց Հայկազը ոչ մեկիս չլսեց: Նորից ուղևորվեց մարտադաշտ: Այդ ընթացքում կային տղաներ, որոնք հրաժարվեցին կրկին մեկնել Արցախ»: Հայկազը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 1-ին Սրխավենդ գյուղի տարածքում՝ ԱԹՍ-ի հարվածից։
«Չորս մեքենայով են եղել: Անօդաչուն հարվածել է երկրորդ մեքենային, այնտեղ նաև Հայկազն էր: Այդ օրն առավոտյան էինք իր հետ խոսել, դեպքը ցերեկն է եղել: Ամբողջ գիշեր անհանգիստ էինք, քանի որ իր հետ կապ չկար: Հաջորդ առավոտյան արդեն իմացանք, թե ինչ է տեղի ունեցել: Էլի երկար ճանապարհ անցանք, ծնողները ԴՆԹ անալիզ հանձնեցին, ուզում էինք հաստատ համոզվել: Չնայած իր հետ եղած տղաներից ասում էին, որ նա այդ մեքենայի մեջ է եղել, բայց մեր հանգստության համար սպասեցինք ԴՆԹ-ի պատասխանին: Նոյեմբերի կեսերին արդեն հստակ գիտեինք, որ Հայկազը զոհվել է»: Հայկազի ամենակարևոր երազանքն իր աղջիկներին մեծացնելը և իրենց նպատակներին հասցնելն էր, որն, ավաղ, այժմ իրականացնել չի կարող:
«Մեր աղջիկները մինչև հիմա սպասում են հայրիկին: Մեծ աղջիկս փոխվեց հինգերորդ դասարան, փոքրս՝ երկրորդ: Ժամանակը բոլորովին էլ չի բուժում վերքերը, հետո ավելի դժվար է լինում: Հայկազից հետո կյանքի շարժիչ ուժը մեր աղջիկներն են դարձել: Հիմա իրենցից ենք ուժ ստանում, իրենց համար ապրում, որ այն, ինչ Հայկազը չհասցրեց իրագործել, կարողանանք կյանքի կոչել: Պահ է գալիս, որ թուլանում ես, բայց հետո ինքդ քեզ ասում՝ չի կարելի, աղջիկները քեզ են նայում: Մեծ աղջիկս ներս է գցում, չի արտահայտվում, իսկ փոքրս անընդհատ հիշում է, խոսում հայրիկից: Դեռ սպասում են: Մենք, որ մեծ ենք, հասկանում ենք ամեն ինչ, հոգու խորքում սպասում ենք, իրենց սպասելն այնքան բնական է»:
Հ. Գ. - Ավագ ենթասպա Հայկազ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում