«Հայաստանի գործող իշխանությունները փորձում են շեղել արցախցիներին կեղծ թեզերով, որ պահեն իրենց ազդեցությունն Արցախում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ավելի վաղ հղում անելով «Փաստի» աղբյուրներին՝ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով ստորագրությամբ և փաստաթղթային ձևով Արցախի հանձնման գործընթացն ավարտին հասցնել, փորձում է այնտեղ քաոս և անարխիա հրահրել, ինչը հղի է լուրջ վտանգներով: Երեկ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նախագահական ընտրությունից առաջ կոչով դիմել էր Արցախի ժողովրդին՝ ընդգծելով ամենակարևորը. «Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով»:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն, անդրադառնալով որոշ ուժերի կողմից Արցախում անկայունություն հրահրելու փորձերին, ասում է. «Շատ պատասխանատու օր է մեզ համար: Այդ ամենի ֆոնին տեսնում ենք Հայաստանի գործող իշխանությունների մոտեցումները, երբ ամեն ինչ անում են, որ Արցախում ներքաղաքական լարված իրավիճակ լինի: 2021 թ.-ին տեսանք Հայաստանի իշխանությունների վերարտադրումը կեղծ թեզերի տակ, այսօր փորձում են արցախցիներին կեղծ թեզերով շեղել, որ իրենց ազդեցությունը պահեն Արցախում: Այստեղ Հայաստանի իշխանություններին պետք է այնպիսի իշխանություն, որը հլու-հնազանդ կերպով ենթարկվի իրենց: Տեսնում ենք, թե իրենց կողմից ստեղծված տարբեր օջախների արբանյակներն այս օրերին ինչ ակտիվություն են ցուցաբերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Արդարություն» խմբակցության ղեկավարը:
Զուգահեռաբար հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է: «Ճգնաժամն օր օրի խորանում է, բայց պետք է հասկանանք, թե ինչից սկսվեց այն և խորացավ, վերլուծենք և ճիշտ քայլերով դուրս գանք այս իրավիճակից: Երբ Նիկոլ Փաշինյանն իր բանավոր խոսքում Արցախը բռնակցեց Ադրբեջանին, վերջինիս հռետորաբանությունը փոխվեց: Տեսնում ենք՝ Ադրբեջանը պահանջում է, որ այն, ինչ Փաշինյանը բանավոր ասել է, պետք է գրավոր ֆիքսի: Եռակողմ փաստաթղթի ստորագրումը հանգեցրել է մեզ այս իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այն, որ ունենանք այս միջանցքը, առանց մեկ փամփուշտի ու կրակոցի տարածքներ ենք հանձնել: Բայց այսօր փորձում է մեղավորներ փնտրել և իր իսկ ստորագրած փաստաթուղթը բարդել ուրիշների վրա այն դեպքում, երբ պարտավոր է գործուն քայլեր առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, համապատասխան գործողություններով ցույց տալ միջազգային հանրությանը, որ տարբերվում է նույն այդ հանրության այլ անդամներից: Նա պետք է գործնական քայլ անի: Թե չէ մեզ համար Հայաստանի օրվա իշխանությունները միջազգային հանրության նման ընդամենը կոչեր են հնչեցնում, գործնական որևէ քայլ չեն անում: Այս պահանջը պետք է ներկայացվի Հայաստանի իշխանություններին՝ հորդորել, պահանջել, պարտադրել կատարել իրենց իսկ ստորագրած փաստաթղթի կետերի ապահովումը»,-նշում է մեր զրուցակիցը:
Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զորաշարժի մասին փաստում են տեսանյութերը, խոսվում է ռազմական գործողությունների հավանականության մասին: «Չեմ բացառում, որ սա Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածությունն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր սև գործն ի կատար ածել»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում