Բայդենը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ հայտարարություն է արել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կապակցությամբ, որը նա անվանել է «մաքուր չարիքի արարք»։ Սպիտակ տան ղեկավարի ելույթը մեջբերում է BBC-ն։
«Ոչ ոք թող չկասկածի․ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։ Մենք այնպես կանենք, որ Իսրայելի հրեական և ժողովրդավարական պետությունը կարողանա պաշտպանել իրեն այսօր, վաղը, ինչպես միշտ»,- ասել է Բայդենը։
«ՀԱՄԱՍ-ը չի պաշտպանում Պաղեստինի ժողովրդին,- ասել է ամերիկացի առաջնորդը, -Նրանք օգտագործում են պաղեստինցի ժողովրդին որպես կենդանի վահան»։
ԱՄՆ նախագահը նշել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից իրականացված բռնության օրինակներ այս հարձակման արդյունքում. «Ծնողները սպանվել են՝ պաշտպանելով իրենց սեփական երեխաներին իրենց մարմիններով… Հաղորդվում է, որ սպանվել են նորածիններ… Կանանց բռնաբարել են և ցուցադրել որպես ավարներ»:
«Մենք Իսրայելի կողքին ենք…»,- ընդգծել է Բայդենը՝ հավելելով, որ Իսրայելը կունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ հարձակմանը պատասխանելու համար։
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայել Մերձավոր Արևելքում՝ հիշեցնելով, որ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով Վաշինգտոնն արդեն տեղակայել է «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը և նաև ավելացրել է ամերիկյան կործանիչների ներկայությունը։
Բացի այդ, նա երրորդ կողմերին զգուշացրել է, որ չփորձեն օգտվել իրավիճակի սրումից։ «Եվ նորից ասեմ՝ ցանկացած երկիր, ցանկացած կազմակերպություն, ցանկացած ոք, ով մտածում է այս իրավիճակից օգտվելու մասին, ես ձեզ մեկ խոսք ունեմ՝ մի՛ արեք», — ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենն իր ելույթում նոր տվյալներ է հրապարակել Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թվի մասին՝ 1200 մարդ, որոնցից առնվազն 14-ը ԱՄՆ քաղաքացիներ են։