Կախարդական ուժ ունեցող ամենահայկական երաժշտական գործիքը․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ով լսում է դուդուկի ներթափանցող ձայնը, նա հավերժ սիրահարվում է նրան: Ծիրանի փայտից պատրաստված այդ երաժշտական գործիքը կախարդական ուժ ունի: Դուդուկի երաժշտությունը կլանել է իր մեջ Արարատյան լեռաշխարհի հնագույն գագաթների քամու ձայները, մարգագետինների ու հարթավայրերի խոտերի շշնջյունը, լեռնային գետերի բյուրեղյա քչքչոցը և անապատի հավերժական թախիծը: Դուդուկը ամենահին երաժշտական գործիքներից մեկն է: Կան վարկածներ, որ այն հնչել է դեռ Ուրարտուի հին թագավորությունում, որի տարածքը ներկայում մասամբ պատկանում է ժամանակակից Հայաստանին:
Ուրարտուի վերծանված գրերում հիշատակվում է դուդուկի նման գործիք: Կարելի է ենթադրել, որ այս գործիքի պատմությունը ունի ավելի քան երեք հազար տարվա պատմություն: Դուդուկ հիշեցնող գործիքի հպանցիկ հիշատակումներ առկա են Մեծ Հայքի թագավոր Տիգրան 2-րդի մասին պատմություններում: 5 -րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու գրառումների մեջ կա «ծիրանափող» կոչվող գործիքի նկարագրությունը, որը թարգմանվում է որպես «ծիրանի ծառից պատրաստված խողովակ»: Հայկական միջնադարյան ձեռագրերից պատկերներ են հասել մինչև մեր ժամանակները, որոնց շնորհիվ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է եղել դուդուկը այն ժամանակ: Հայերի շնորհիվ գործիքը հայտնի է դարձել Հայաստանի սահմաններից շատ հեռու` ամբողջ աշխարհով մեկ:
Դուդուկի երաժշտությունը Հայաստանի էթնիկ մշակույթի մի մասն է կազմում: Հայոց աշխարհում գործիքի ծննդյան զգայական պատմությունը դեռ փոխանցվում է բերանից բերան: Լեգենդներից մեկը պատմում է երիտասարդ Քամու մասին, որը սիրահարվել է ծաղկած ծիրանենուն: Բայց հին ու չար Հորձանուտը թույլ չի տվել նրան շոյել միայնակ ծառի անուշահոտ թերթիկները: Նա սպառնացել է Քամուն, որ զմրուխտե լեռան հովիտը կդարձնի անշունչ անապատ, և ծաղկած ծառը կմահանա տաք շնչից: Երիտասարդ Քամին համոզել է ծեր Հորձանուտին՝ չարիք չգործել և թույլ տալ ապրել ծիրանենու ծաղիկների մեջ: Ծեր ու չար Հորձանուտը համաձայնել է, բայց պայմանով, որ Քամին երբեք չթռչի, իսկ եթե պայմանը խախտվի, ծառը հավիտյան կմահանա:
Ամբողջ գարնանը և ամբողջ ամռանը Քամին խաղացել է ծիրանենու ծաղիկներով և տերևներով, որոնք նրան ներդաշնակ մեղեդիներ էին նվագում: Նա երջանիկ էր ու անհոգ: Աշնան գալստյան հետ ծաղկաթերթերը թափվել են, և Քամին ձանձրացել է: Նա ավելի ու ավելի է ցանկացել ընկերների հետ պտտվել երկնային բարձունքներում: Երիտասարդ Քամին չի դիմացել և թռել է դեպի լեռան գագաթները: Ծիրանենին չի կարողացել դիմանալ մելամաղձությանը և չքացել է: Չորացած խոտերի մեջ մնացել է միայն մեկ ճյուղ: Մի միայնակ երիտասարդ գտել է այն, խողովակ պատրաստել, դրել շուրթերին և նվագել՝ պատմելով տխուր սիրո պատմությունը: Հայերն ասում են, որ դուդուկն այդպես է հայտնվել աշխարհում: Եվ այն իրականում կհնչի միայն այն ժամանակ, երբ պատրաստվի հենց երաժիշտի ձեռքով, որը գործիքի մեջ է դնում իր հոգու մասնիկը:
Անկախ ամեն ինչից, այսօր այդ գործիքի երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում և 2005 թվականից ՅՈւՆԵՍԿՕ -ի ժառանգություն է: Դուդուկի երաժշտությունը ուղեկցում է ոչ միայն հայկական ժողովրդական համույթների կատարումներին: Այն հնչում է ֆիլմերում, այն լսելի է թատրոններում և կոնսերվատորիաներում: Թուրքիայի (մեյ), Չինաստանի (գուանզի), Ճապոնիայի (հիչիրիկի) և այլ ժողովուրդների երաժշտական գործիքները ձայնով և կառուցվածքով մոտ են դուդուկին: Ժամանակակից դուդուկը գործիք է, որը տարբեր մշակույթների ազդեցության ներքո ենթարկվել է մեղեդու, կառուցվածքի (ձայնային անցքերի թիվը փոխված է), նյութական որոշակի փոփոխությունների: Ինչպես նախկինում, հիմա էլ դուդուկի հնչյունները փոխանցում են ուրախություն և տխրություն, հրճվանք և հուսահատություն: Այս գործիքի «կյանքի» դարավոր պատմությունը կլանում է մարդկանց զգացմունքները, երկար տարիներ այն հանդիպում է նրանց ծննդյան պահից և լաց է լինում՝ ընդմիշտ ճանապարհելով մարդուն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում