Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններին մասնակցելու համար 15 մարդ է ձերբակալվել
Международные новостиՄախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվածների թիվը հասել է 15-ի: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է շրջանի Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևան:
«Դատարանի որոշումներով նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու մեջ։ Նրանցից 8-ի նկատմամբ նշանակվել է վարչական կալանք՝ 8 օր ժամկետով, երկուսին՝ հաշվի առնելով առողջական վիճակը, նշանակվել է 60-ական ժամ պարտադիր աշխատանք»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մամաևայի խոսքով՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «Հավաք, հանրահավաք, ցույց, երթ կամ պիկետ կազմակերպելու կամ անցկացնելու համար սահմանված կարգի խախտում» հոդվածով։
Հոկտեմբերի 31-ին Դաղստանի դատարանները զանգվածային անկարգությունների 7 մասնակիցների մեղավոր են ճանաչել մանր խուլիգանության մեջ և ձերբակալել նրանց երեքից տասը օր ժամկետով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի բնակիչները ներխուժել են Ույթաշ օդանավակայանի թռիչքուղի, որտեղ ժամանել է Թել Ավիվից չվերթը: Հաղորդվում էր, որ նրանք փնտրում էին Իսրայելի ժամանող քաղաքացիներին, ինչպես նաև ստուգում էին տարածքից դուրս եկող մեքենաները: Արդյունքում՝ անկարգություններ են սկսվել։
Օդանավակայանը ժամանակավոր փակվել է։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքի առթիվ։ Պարզվել է 150 անձի ինքնությունը, նրանցից 83-ը ձերբակալվել են։
Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ՝ ինչպես ուժայիններ, այնպես էլ քաղաքացիական անձինք: