Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալությունից հետո իրավապահ մարմիններում զարգացումներ կլինեն
ОбществоՈստիկանությունը երեկ հայտնեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ձերբակալել են, ընդ որում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես են դիմակավորված իրավապահները մտել Երևանում գտնվող շքեղ առանձնատուն և հենց թաքստոցից հայտնաբերել 5 ամսից ավելի հետախուզվող Տիգրան Խաչատրյանին։
Հիշեցնենք՝ Խաչատրյանը մեղադրվում է անվադողեր գնելու նպատակով մի գորիսեցու հետ պայմանվորվելու, վիճելու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։ Ըստ փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանը այդ ողջ ընթացքում եղել է Երևանում գտնվող իրենց առանձնատանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու նման ուշ ձերբակալությունն ու դեպքի վերաբերյալ իշխանության ունեցած տեղեկությունները թույլ են տալիս ասել, որ առաջիկայում մի շարք «գլուխներ են թռչելու»։ Բանն այն է, որ Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, որ իրավապահ մարմինների մի շարք ղեկավարներ և տարբեր պաշտոնյաներ տեղյակ են եղել, որ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվում է իրենց տանը, նույնիսկ ժամանակ առ ժամանակ մեծ հավաքույթներ է կազմակերպել, ինքն էլ անձամբ մասնակցել։ Եվ իրավապահները հրաշալի տեղյակ են եղել, որ Տիգրան Խաչատրյանը գտնվում է իրենց տանը։ Տեղեկությունը հասցրել են Փաշինյանին, որն էլ հանձնարարել է շատ արագ գործողություն իրականացնել և ձերբակալել։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործողությունների, տեղեկությունների հավաքագրումն իրականացվել է ոչ թե ոստիկանությունում, այլ Ազգային անվտանգության ծառայությունում, որի ղեկավարը լուրջ հակասություններ ունի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։
Տիգրան Խաչատրյանն արդեն տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացնելու դատարան, իսկ նրա ձերբակալումն այսքան ուշ իրականացնելու համար մի քանիսը հրաժեշտ կտան պաշտոնին։
Նունե Սահակյան