«Մեր վերջին զրույցի ժամանակ Արենն ինձ հրաժեշտ տվեց, ուղղակի ես չհասկացա». Արեն Միրզոյանն անմահացել է Կարմիր շուկայում. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ հանգիստ, խելոք, համեստ ու խելացի տղա էր Արենս: Գյուղի դպրոցը գերազանց առաջադիմությամբ է ավարտել: Երեք տարի հաճախել է ավագ դպրոց՝ արդեն Իջևանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Ապագա ծրագրավորող էր»,-«Փաստի» հետ զրույցում Արենի մայրիկի՝ տիկին Քրիստինեի հետ որդու մանկություն ենք տեղափոխվում:
Երբ մայրիկն ասում է, թե որդին ինչ ուղղությամբ էր որոշել շարունակել բարձրագույն կրթությունը, կարծես գուշակում եմ նաև մյուս հարցիս պատասխանը՝ Արենի սիրելի առարկան դպրոցում մաթեմատիկան էր: «Մյուս առարկաները հավասարաչափ սովորում էր, կարծես ռուսաց լեզվից էր մի քիչ թերանում»: Որպես սիրելի սպորտաձև՝ Արենի կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը: «Տղաների հետ գյուղում շատ էին ֆուտբոլ խաղում, գյուղերի միջև մրցումներ կազմակերպում: Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ կարատեի, մարտեր առանց կանոնների և այլն: Սպորտային կազմվածք ուներ, հետևում էր իրեն: Պարտադիր պարապում էր, որ հանկարծ ավելորդ քաշ չունենա»: Արենը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2020 թ. հունվարի 17-ին: Ծառայել է Լուսակերտի, Արմավիրի զորամասերում: Նույն թվականի հունիսի 29-ին կրտսեր սերժանտի կոչում ստացած Արենը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Իվանյան (Խոջալու): Մայրիկի խոսքով, որդին շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը:
«Բոլոր տեղերում շատ լավ է անցել իր ծառայությունը, խիստ, կազմակերպված, ամեն ինչն իր տեղում: Կյանքում երբեք որևէ հարցում չի տրտնջացել, ծառայությունից էլ շատ գոհ էր»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ եմ եղել: Միայն պատերազմի սկսվելու օրը չի զանգել: Սպասում էի, գիշերը ժամը երկուսին զանգեց այլ համարից: Մեր ամենօրյա զրույցների ժամանակ երբեք չի ասել, թե որտեղ է: Դեպքից հետո ենք միայն իմացել, որ ամենաթեժ կետերից մեկում է եղել՝ Կարմիր շուկայում: 36 օր պատերազմի մեջ է եղել Արենս, ամեն ինչ տեսել է: Վերջին օրն ինձ հրաժեշտ է տվել, ուղղակի ես չհասկացա, չհասկացա, որովհետև չգիտեի, թե նա որտեղ է: Խոսքով ինձ հուշեց, որ էլ չի գալու»: Մայրիկի հետ Արենի վերջին զրույցը եղել է նոյեմբերի 1-ին՝ 16:27 րոպեին: «Ու վերջ… Այդ գիշեր դեպքը տեղի է ունեցել Կարմիր շուկայի դպրոցի մոտ»:
Արենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: «Բոլորի նման մենք էլ փնտրեցինք: 20 օր ենք փնտրել, ուրիշների համեմատ դա շատ քիչ է: Նորմալ վիճակում իրեն տուն ենք բերել»: Արենն ավագ եղբայր ունի, նա բարձրագույն կրթություն է ստացել, նույն բաժինն ավարտել, ինչ եղբայրը, իսկ հիմա աշխատում է բանկում: Իսկ վերջում մի մշտական հարց, որն այնքան տարբեր պատասխաններ ունի՝ ի՞նչն ուժ տվեց կյանքը շարունակելու: «Արենից հետո կյանքը շարունակելու ուժ ինձ փոխանցեցին որդեկորույս մայրիկների ու հոգևորականների հետ շփումները: Տավուշի թեմի առաջնորդի՝ տեր Բագրատ Սրբազանի հետ համարյա ամենօրյա հանդիպումները շատ են օգնում այս ծանր օրերում»:
Հ. Գ. - Արեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Ակնաղբյուր գյուղում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում