Ի՞նչն է միավորում ջրասուզորդներին, «Բիթլզին» և Վիսոցկուն. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վադալազկա» վերնազգեստը իրավամբ համարվում է ցանկացած զգեստապահարանի հիմնական տարր: Այն համադրելի է ինչպես պատռված ջինսերի, այնպես էլ պաշտոնական կիսաշրջազգեստի կամ տաբատի, նույնիսկ կոստյումի հետ: Այդ իրը կարելի է գտնել ինչպես նորաձևության սիրահար, այնպես էլ համեստ հագուստ նախընտրող կանանց զգեստապահարանում։ «Վադալազկա» անվանումն ինքնին պարզ է դարձնում, որ այն ի սկզբանե եղել է ջրասուզակների հագուստ։ Առաջին սուզորդներն այն կրել են մետաղյա կոստյումի տակ։ Բարձր օձիքը թույլ էր տալիս այն մի քանի անգամ ծալել, ինչը, անշուշտ, լավ էր մեկուսացնում և պաշտպանում սուզորդի վիզը սկաֆանդրից:
20-րդ դարի սկզբին օդաչուներին դուր էր գալիս «վադալազկա» կրել թռիչքային կոստյումների տակից, քանի որ թռիչքի ժամանակ քամին ուժեղ է փչում պարանոցի վրա, իսկ շարֆ կրելը միշտ չէ, որ հարմար և գործնական է: Հետագայում օդաչուները սկսեցին «վադալազկա» կրել ոչ միայն թռիչքային կոստյումների տակից: Ժամանակի ընթացքում մրցարշավի վարորդները հետևեցին օդաչուների օրինակին, քանի որ նրանք նույնպես պետք է ինչ-որ կերպ պաշտպանեին իրենց վիզը կոշտ կոստյումի և սաղավարտի տհաճ հպումներից: Այդպես «վադալազկան» սկսեց ժողովրդականություն ձեռք բերել՝ ամբողջ աշխարհում դառնալով սպաների, օդաչուների և սուզանավերի անձնակազմի համազգեստի անբաժանելի մաս: Հետո՝ 1959 թվականին, հայտնի դիզայներ Պիեռ Կարդենի շնորհիվ այն դարձավ ոչ միայն ամենօրյա օգտագործման առարկա, այլ նաև երեկոյան էլեգանտ հանդերձանքի ապշեցուցիչ հավելում:
«Վադալազկան» ձեռք բերեց ավելի բարակ, ամուր տեսք, այն սկսեցին կարել սինթետիկ գործվածքներից, և այն դուր էր գալիս այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը, Քեթրին Դենյովը, Գրեյս Քելլին և այլք։ Իր առաջին հաջող հավաքածուից հետո Պիեռ Կարդենն իր աշխատանքներում մեկ անգամ չէ, որ օգտագործել է «վադալազկան»՝ այն համադրելով տարբեր սարաֆանների ու բաճկոնների հետ։ «Վադալազկաները» դարձան անբասիր ոճի չափանիշ՝ շնորհիվ լեգենդար Beatles-ի, որի անդամները մեկ անգամ չէ, որ ելույթ են ունեցել դրանցով: Այդ հագուստով շատ էր սիրում ելույթ ունենալ նաև ճանաչված բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկին։ Տաղանդավոր դերասան Անդրեյ Միրոնովի օգնությամբ առաջին անգամ այդ զգեստը հայտնվեց խորհրդային մարդկանց հեռուստացույցների էկրանին «Ադամանդե ձեռքը» ֆիլմի շնորհիվ: Մի քանի տարի այդ զգեստը գրավեց ԽՍՀՄ ողջ հագուստի շուկան:
Այսօր էլ «վադալազկան» թրենդային է։ Այն կրում են ինչպես դպրոցականները, այնպես էլ քաղաքական գործիչները։ Այն ոճի անբաժանելի դետալ է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց նորաձևության մեջ և հաճախ է հայտնվում հայտնի մոդելավորողների հավաքածուներում։ Այդ զգեստը իդեալական է ցանկացած սեզոնի համար, հիանալի համադրվում է ցանկացած կտրվածքի տաբատի հետ, լավ լրացնում է շորտերը կամ հաստ գործվածքներից պատրաստված կիսաշրջազգեստը և ներդաշնակ տեսք ունի ավանդական կիսաշրջազգեստների հետ: Անկասկած, «վադալազկան» լավ հավելում է նաև ցանկացած բիզնես կոստյումի համար։ Դրա ֆոնին լավ տեսք են ունենում և՛ թանկ զարդերը, և՛ սովորական բիժուտերիան։
Վադալազկաների մի քանի մոդելներ կան: Դասականը ունի երկար թևեր և երկար օձիք՝ մի քանի անգամ ծալված: Տաք «վադալազկան» նախատեսված է ցուրտ եղանակի և սպորտի համար: Անկար վադալազկան բազմակողմանի է և լավ համադրվում է այլ իրերի հետ՝ կարերի բացակայության պատճառով: Բոդի «վադալազկան» առանձնանում է թեթև «նստվածքով», այն լավ է համակցվում տաբատի հետ: «Շրջազգեստ-վադալազկան» սեղմված զգեստ է և հիանալի ընդգծում է ամբողջ նրբագեղ կազմվածքը: Հղիների «վադալազկան» ունի թևերի և օձիքների տարբեր երկարություններ և անգամ անցք՝ երեխային կրծքով կերակրելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում